hetq.am: Ժնևում ամերիկյան կողմի առաջարկած ռուս-ուկրաինական խաղաղության պլանի շուրջ հանդիպման ընթացքում ուկրաինական և ամերիկյան կողմերը անցկացրել են «կառուցողական» բանակցություններ, որոնք «լի էին փոխադարձ հարգանքով»։ Նման հայտարարություն է տարածել Ուկրաինայի նախագահի գրասենյակը։
Բանակցությունների արդյունքում կողմերը պատրաստել են «խաղաղության թարմացված և լրամշակված աշխատանքային փաստաթուղթ»։ Ուկրաինական կողմի փոխանցմամբ՝ ընդհանուր առաջարկների շուրջ աշխատանքը կշարունակվի առաջիկա օրերին, իսկ կողմերը «կպահպանեն սերտ շփումներ եվրոպացի գործընկերների հետ»։
Հայտարարության մեջ նաև նշվում է, որ ուկրաինական պատվիրակությունը ևս մեկ անգամ իր շնորհակալությունն է հայտնել ԱՄՆ-ին և անձամբ նախագահ Դոնալդ Թրամփին՝ «պատերազմը ավարտելուն ուղղված անսասան նվիրվածության և մեծ ջանքերի» համար։ Հիշեցնենք, որ նախօրեին Թրամփը նեղսրտել էր, թե ուկրաինացիներն իրեն շնորհակալություն չեն հայտնել։
Սպիտակ տունն առանձին հայտարարությամբ նշել է, որ խաղաղության պլանի նոր տարբերակը ներառում է «անվտանգության ուժեղացված երաշխիքներ», իսկ ուկրաինական պատվիրակությունը հայտարարել է, որ այն «արտացոլում է Կիևի ազգային շահերը»։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Ժնևում լրագրողներին հայտարարել է, որ մի շարք հարցեր, ներառյալ ՆԱՏՕ-ի դերը, դեռևս պահանջում են լրացուցիչ քննարկումներ, սակայն իր թիմը «կրճատել է չլուծված խնդիրների շրջանակը»։
Ինչպես փոխանցում է Reuters գործակալությունը, Ռուբիոն հույս է հայտնել, որ համաձայնագիրը կարող է ձեռք բերվել մինչև նոյեմբերի 27-ը (այդ ժամկետը սահմանել էր Թրամփը), սակայն ենթադրել, որ դա կարող է ավելի շատ ժամանակ պահանջել։ ԱՄՆ Պետքարտուղարության բարձրաստիճան ներկայացուցիչը հայտնել է, որ Ռուբիոն լքել է Ժնևը և մեկնել Վաշինգտոն։
Գործակալության երկու աղբյուրների փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին արդեն այս շաբաթ կարող է ժամանել ԱՄՆ։ Զրուցակիցներից մեկի խոսքով՝ Զելենսկին և Թրամփը կքննարկեն խաղաղության պլանի այնպիսի «զգայուն հարցեր», ինչպիսին Ուկրաինայի տարածքային ամբողջականության հարցն է։
Հիշեցնենք, որ Ուկրաինացի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն հրապարակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի խաղաղության ծրագիրը: Այն ներառում է տարածքային զիջումներ Ուկրաինայի կողմից, մասնավորապես՝ Ղրիմը, Դոնեցկը և Լուգանսկը ճանաչվում են դե ֆակտո ռուսական, Խերսոնում և Զապորոժյեում տեղիէ ունենում սառեցում շփման գծի երկայնքով: Ռազմական առումով հստակեցվում է, որ ՆԱՏՕ-ն ուժեր չի տեղակայում Ուկրաինայում, ՆԱՏՕ-ի կործանիչները տեղակայվում են Լեհաստանում, Ուկրաինան ամրագրում է, որ չի միանալու ՆԱՏՕ-ին, այս դրույթը հաստատում է նաև ՆԱՏՕ-ն:
Կիևում ԱՄՆ բանակի նախարար Դանիել Դրիսկոլի հետ հանդիպումից հետո Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի գրասենյակը հայտարարել է, որ ստացել է պատերազմը դադարեցնելու ԱՄՆ ծրագրի նախագիծը: Ավելի ուշ Ուկրաինային նախագահը հայտարարել է, որ Ուկրաինան շատ դժվար ընտրության առաջ է կանգնած:
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Կայա Կալլասն էլ նշել է, որ աջակցում են Ուկրաինայում կայուն խաղաղության հաստատմանը, սակայն, որպեսզի խաղաղության որևէ ծրագիր արդյունավետ լինի, Ուկրաինան և Եվրոպան պետք է լինեն դրա անբաժանելի մասը:
Լուսանկարը՝ Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայության