Գազայի մարդասիրական հիմնադրամը դադարեցնում է իր գործունեությունը տարածքում | armenpress.am

armenpress.am: Գազայի մարդասիրական հիմնադրամը (GHF), որն աջակցություն է ստանում ԱՄՆ-ի և Իսրայելի կառավարություններից, դադարեցնում է իր գործունեությունը տարածքում։ Այս մասին հայտարարել է հիմնադրամի մամուլի ծառայությունը X հարթակում գրառման մեջ։

«Մենք հաջողությամբ ավարտեցինք մեր պատմական օգնության առաքելությունը Գազայում՝ ուղղակիորեն Գազայի խաղաղ բնակիչներին մատակարարելով 187 միլիոն բաժին անվճար սնունդ։ Մենք հպարտ ենք, որ կրիտիկական պահին միակ օգնության առաքելությունն էինք, որը հուսալիորեն և անվտանգ կերպով անվճար սնունդ էր մատակարարում անմիջապես Գազայի պաղեստինցի ժողովրդին՝ լայնածավալ և առանց շեղումների», – նշել է հիմնադրամի տնօրեն Ջոն Աքրին։

Նա հավելել է, որ ավարտելով արտակարգ գործողությունները՝ թողնում են ապացուցված մոդել այն մասին, թե ինչպես կարող են հարմարվողականությունը, տեղում համագործակցությունը և հաշվետվողականությունը վերաիմաստավորել, թե ինչպիսին է արդյունավետ մարդասիրական օգնությունը հակամարտության գոտիներում։

Մարտից մինչև հուլիսի վերջ Իսրայելի իշխանությունները խոչընդոտել են միջազգային մարդասիրական օգնության հասանելիությունը Գազայի հատված՝ փակելով բոլոր անցակետերը: Բնակիչների շրջանում սննդի բաշխումն իրականացվել է Գազայի մարդասիրական հիմնադրամի համակարգի միջոցով: ՄԱԿ-ը հայտնել է, որ Գազայի հատվածում հիմնադրամի գործունեության սկսվելուց ի վեր մոտ 2000 պաղեստինցի է զոհվել` փորձելով մարդասիրական օգնություն ստանալ:

Պաղեստինցիներն օգնության բաշխման կետերն անվանում էին մահվան թակարդներ։ Նրանք օգնություն ստանալու համար ստիպված էին տասնյակ կիլոմետրեր քայլել՝ ենթարկվելով իսրայելական ռմբակոծությունների։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն