«Սպառողների հաշվիչների ցուցմունքները» հասանելի են․ Մեսրոպ Մեսրոպյանը սխալ տեղեկություն է հաղորդել | fip.am

fip.am: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը լիցենզիայից զրկելու մասին որոշումը հանրայնացնելուց հետո Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը նոյեմբերի 20-ին հյուրընկալվել էր Հանրային հեռուստաընկերությանը և հարցազրույցում ներկայացնում էր՝ ինչու են ՀԷՑ-ին զրկել լիցենզիայից։

Որպես լիցենզիայից զրկելու հիմք Մեսրոպյանը 6 պատճառներից մեկի մասին խոսելիս ասել է․ «Բանից պարզվում է՝ 2025 թվականի հունվարի 2-ին ինչ-որ սերվերի վրա ծրագրային գործողություններ անելու ժամանակ անհասկանալի պատճառներով կամ իրավիճակում 2018 թվականից մինչև 2024-ի հոկտեմբեր նոյեմբեր ամիսն ընկած ինֆորմացիան ջնջվել է և այն այս պահի դրությամբ դեռ վերականգնված չէ և նույնիսկ հնարավոր չէ վերականգնել։ Դա խոսում է այն մասին, որ պատկերացրեք 2018 թվականից մինչև 2024 թվականի հոկտեմբեր Հանրապետության բոլոր սպառողների հաշվիչների ցուցմունքները, որ պետք է յուրաքանչյուր երեք ամիսը մեկ արխիվացվեին ու առնվազն հինգ տարի պահպանվեին այսօր կանգնած ենք փաստի առաջ, որ այդ ինֆորմացիան չկա։ Չքացել է մեղմ ասած, սա լիցենզիոն լուրջ պարտավորությունների խախտում է»:

Այս լուրը արագորեն տարածվել էր համացանցում, լայն քննարկման թեմա դարձել։ Իշխանամերձ շրջանակներից նույնիսկ պետական դավաճանության մեղադրանքներ էին հնչում ՀԷՑ-ի նախկին ղեկավարության հասցեին։

Քիչ առաջ էլ ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ջնջվել է ՀԷՑ-ի 2018-2024թթ. նոյեմբեր ամիսն ընկած ամբողջ տվյալների բազան. «Երևույթը թաքցվել է թե՛ իրավապահներից, թե՛ ՀԾԿՀ-ից, որը արդեն իսկ լրջագույն խախտում է։ Սա 6 կարևորագույն կետերից է, որի հիման վրա ՀԷՑ-ը զրկվեց լիցենզիայից»։

«Փաստերի ստուգման հարթակը» փորձել է պարզել՝ արդյոք իրականությանը համապատասխանում է ՀԾԿՀ նախագահի հայտարարությունը, թե «սպառողների հաշվիչների ցուցմունքները» անհետացել են։ Այդ նպատակով FIP.am-ի լրագրողը դիմել է ՀԷՑ ու խնդրել իր բնակարանի օգտագործած էլեկտրաէներգիայի վերջին տարիների ցուցմունքները։

Լրագրողը ներկայացրել է իր բաժանորդային համարն ու անձնագիրը և ՀԷՑ-ում հաշված րոպեների ընթացքում ներկայացրել են 2019 թվականից 2025 թվականի նոյեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում նրա ամսական ծախսերի գրաֆիկը։ Մի քանի էջանոց այդ աղյուսակում բաժանորդը կարող է տեսնել իր սպառած էլեկտրաէներգիայի քանակի, սակագնի, ինչպես նաև տույժ-տուգանքի վերաբերյալ տվյալներ։ Բացի այդ, կարող է տեսնել, թե ամսվա սկզբին ու վերջին որքան է կազմել հաշվիչի ցուցմունքը։

Փաստացի, բաժանորդը իր տվյալներին հասանելիություն կարողացել է ունենալ և դրանք ամենևին էլ չեն չքացել, ինչպես հարցազրույցում պնդել էր պաշտոնյան։ Սպառողը դիմելու դեպքում կարող է ստանալ իրեն վերաբերող ու հետաքրքրող ինֆորմացիան։

«Կասկադ Էներգո» ընկերության (ՀԷՑ-ին հաշվիչներ սպասարկող ընկերություն է-խմբ․) նախկին տնօրեն Ռոբերտ Կադարյանը, FIP.am-ի խնդրանքով մեկնաբանելով Մեսրոպ Մեսրոպյանի հայտարարությունը «սպառողների հաշվիչների ցուցմունքները» անհետանալու մասին, ասում է՝ ջնջված կամ անհետացած ինֆորմացիան, որի մասին խոսում է Մեսրոպ Մեսրոպյանը, ամբողջովին վերականգնվել է։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն