Ռոմանոս Պետրոսյանը պնդում է՝ ջնջվել է ՀԷՑ-ի 2018-24թթ. նոյեմբերի ամբողջ տվյալների բազան

Ջնջվել է ՀԷՑ-ի 2018-24թթ. նոյեմբեր ամիսն ընկած ամբողջ տվյալների բազան:

Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը:

«Երևույթը թաքցվել է թե՛ իրավապահներից, թե՛ ՀԾԿՀ-ից, որը արդեն իսկ լրջագույն խախտում է։ Սա 6 կարևորագույն կետերից է, որի հիման վրա ՀԷՑ-ը զրկվեց լիցենզիայից»,- նշել է նա:

Հիշեցնենք, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը լիցենզիայից զրկելու մասին որոշումը հանրայնացնելուց հետո ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը ևս նոյեմբերի 20-ին հյուրընկալվել էր Հանրային հեռուստաընկերությանը և հայտարարել, թե 2025 թվականի հունվարի 2-ին ինչ-որ սերվերի վրա ծրագրային գործողություններ անելու ժամանակ անհասկանալի պատճառներով կամ իրավիճակում 2018 թվականից մինչև 2024-ի հոկտեմբեր նոյեմբեր ամիսն ընկած ինֆորմացիան ջնջվել է և այն այս պահի դրությամբ դեռ վերականգնված չէ և նույնիսկ հնարավոր չէ վերականգնել. «Դա խոսում է այն մասին, որ պատկերացրեք 2018 թվականից մինչև 2024 թվականի հոկտեմբեր Հանրապետության բոլոր սպառողների հաշվիչների ցուցմունքները, որ պետք է յուրաքանչյուր երեք ամիսը մեկ արխիվացվեին ու առնվազն հինգ տարի պահպանվեին այսօր կանգնած ենք փաստի առաջ, որ այդ ինֆորմացիան չկա։ Չքացել է մեղմ ասած, սա լիցենզիոն լուրջ պարտավորությունների խախտում է»:

«Փաստերի ստուգման հարթակը», սակայն, հայտնել է, որ «սպառողների հաշվիչների ցուցմունքները» հասանելի են: Մասնավորապես՝ լրագրողը դիմել է ՀԷՑ ու խնդրել իր բնակարանի օգտագործած էլեկտրաէներգիայի վերջին տարիների ցուցմունքները։

Լրագրողը ներկայացրել է իր բաժանորդային համարն ու անձնագիրը և ՀԷՑ-ում հաշված րոպեների ընթացքում ներկայացրել են 2019 թվականից 2025 թվականի նոյեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում նրա ամսական ծախսերի գրաֆիկը։ Մի քանի էջանոց այդ աղյուսակում բաժանորդը կարող է տեսնել իր սպառած էլեկտրաէներգիայի քանակի, սակագնի, ինչպես նաև տույժ-տուգանքի վերաբերյալ տվյալներ։ Բացի այդ, կարող է տեսնել, թե ամսվա սկզբին ու վերջին որքան է կազմել հաշվիչի ցուցմունքը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն