FPWC–ն ներկայացրել է, թե այժմ ինչ պայմաններում է ապրում տարիներ առաջ ռեստորանից փրկված արջը

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) ներկայացրել է, թե այժմ ինչ պայմաններում է բնակվում Նանար անունով գորշ արջը, որը  իր կյանքի մոտ 13 տարին Ծաղկաձորի ռեստորանային համալիրներից մեկում գերության մեջ անցկացնելուց հետո՝ 2017 թվականին հիմնադրամի կողմից փրկվել է Արջերի փրկության մեծ ծրագրի շրջանակում։

«Նանարը, որը ծնվել է մոտ 2003-2004 թվականներին ավելի քան 10 տարի բանտարկված է եղել Ծաղկաձորի ռեստորանային համալիրներից մեկի նեղ և բետոնապատ վանդակում։ Գրեթե մեկուկես տասնամյակ զրկված լինելով բնական միջավայրից, ինչպես նաև որևէ մասնագիտական կենդանաբուժական կամ բարեկեցիկ խնամքից, արջը բախվել էր ծանր հոգեբանական հետևանքների։

Հատկապես ակնհայտ էր նրա մոտ դիտվող կրկնվող ստերեոտիպիկ վարքագիծը (անվերջ շրջապտույտներ, ճոճումներ)։ Մասնագիտական բնորոշմամբ՝ այս վարքն ուղղակիորեն ցույց է տալիս կենդանու մոտ առկա խորը հոգեբանական տրավման՝ առաջացած անհրաժեշտ պայմանների ու միջավայրի բացակայության հետևանքով։

Վայրի կենդանիների փրկարար կենտրոնում այդ ժամանակ սկսվել է նրա բարդ և երկարատև ապաքինման գործընթացը։ WRC-ում Նանարի համար ապահովվել է.

  •  ընդարձակ, բուսականությամբ և թաքստոցներով ազատավանդակ, որը ներառում է նաև լողավազան՝ բնական բնազդները խթանելու համար։
  • Ստանում է անհատականացված կերակրման ծրագիր և մշտական կենդանաբուժական ու վարքագծային հսկողություն»,– նշված է հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ։

Կենդանին այժմ աստիճանաբար վերագտնում է իր հանգստությունը և ցուցաբերում է բնությանը մոտ վարքագիծ, անգամ՝ ձմեռային քուն է մտնում։

«Նանարի պատմությունը ոչ միայն արջի փրկություն է, այլև հստակ դաս, որ վայրի կենդանիները ժամանցի առարկա չեն կարող լինել։ Նրա ապաքինումը ցույց է տալիս փրկարար կենտրոնի կենսական դերը՝ ապահովելու երկարաժամկետ բարեկեցություն նրանց համար, ում գերել է մարդը»,- ասել է FPWC տնօրեն Ռուբեն Խաչատրյանը։

Հիմնադրամը հիշեցնում է, որ վայրի կենդանուն անազատության մեջ պահելն առաջացնում է ծանր հետևանքներ թե՛ կենդանու, թե՛ հասարակության և պետության համար։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն