ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչները շրջայց են կատարել Արագածոտնի մարզի պատմության և մշակույթի հուշարձանների տարածքներում

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակիցներն աշխատանքային այց են կատարել Արագածոտնի մարզ՝ Փարպիի 5-րդ դարի Ծիրանավոր եկեղեցի, Բյուրականի 10-րդ դարի Սբ. Հովհաննես եկեղեցի, Ամբերդ ամրոցի համալիր, Ագարակի հնավայր՝ տեղում ծանոթանալու ՀՀ պետական բյուջեի միջոցներով վերականգնվող հուշարձանների ամրակայման և վերականգնման աշխատանքներին:

Մշտադիտարկմանը ներկա են եղել կապալառու, տեխնիկական և հեղինակային հսկողություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչները:

ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ Փարպիի Ծիրանավոր եկեղեցու տարածքում աշխատակիցները ծանոթացել են պատերի սրսկման, աստիճանների և տարածքի բարեկարգման աշխատանքներին՝ կատարելով մի շարք դիտարկումներ:

Բյուրականի Սբ. Հովհաննես եկեղեցու տարածքում նախարարության ներկայացուցիչները հետևել են հարավային շքամուտքի դետալների պատրաստման, Ագարակի հնավայրում՝ ծածկի նորոգման աշխատանքներին:

Ամբերդ ամրոցի տարածքում մասնագետները դիտարկել են հուշարձանի վերականգնման լայնածավալ աշխատանքները, ծանոթացել նոր հայտնաբերված հնագիտական առարկաներին: Ամբերդի հնագիտական պեղումների ընթացքում բացվել են նոր շերտեր, մասնագետները քննարկել են դրանց հետագա պահպանման հարցերն ու անվտանգության ապահովմամբ՝ նոր շերտերի բացման հնարավորությունները:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն