Երբ զեկույցը չունի «զեկույցի իրավական կարգավիճակ»․ Դավիթ Տոնոյան

Երբ զեկույցը չունի «զեկույցի իրավական կարգավիճակ»։ Այս մասին ասված է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի տարածած հայտարարության մեջ։

«Հայտնում եմ, որ 2020թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի՝ իմ մասնակցությամբ 2023թ. օգոստոսի 1-ին և օգոստոսի 2-ին տեղի ունեցած նիստերի արձանագրություններին և հանձնաժողովի զեկույցին ծանոթանալու ու դրանց վերաբերյալ պարզաբանումներ տալու, ինչպես նաեւ դրանցում փոփոխություններ կատարելու պահանջ ներկայացնելու եւ դիրքորոշումս ամբողջությամբ հիմնավորելու նպատակով իմ կողմից ս.թ. հուլիսի 15-ին և հոկտեմբերի 28-ին ԱԺ նախագահին հասցեագրված դիմումներին ի պատասխան նոյեմբերի 13-ին ստացել եմ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի պատասխանը:

Դրանով ինձ փաստացի հայտնվել է, որ քննիչ հանձնաժողովի՝ Ազգային ժողովի նախագահին ուղարկված զեկույցը «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 25-րդ հոդվածով նախատեսված զեկույցի իրավական կարգավիճակ չունի (սույն հոդվածը սահմանում է, թե ինչ է Քննիչ հանձնաժողովի զեկույցը՝ խմբ.), հետևաբար՝ իմ մասնակցությամբ տեղի ունեցած նիստերի արձանագրություններին և հանձնաժողովի զեկույցին ծանոթանալու մասին իմ խնդրանքի կապակցությամբ կիրառելի չեն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերը (սահմանված են քննիչ հանձնաժողով հրավիրված անձանց իրավունքները և պարտականությունները՝ խմբ.)»:

Նման պատասխան ստանալուց հետո դիմել եմ ինձ իրավաբանական օգնություն ցուցաբերող փաստաբանական խմբին, ստացել համապատասխան իրավախորհրդատվություն, որի հիման վրա եւ հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերը՝ ս.թ. նոյեմբերի 24-ին կրկին գրավոր դիմել եմ ԱԺ նախագահին՝ խնդրելով թույլատրել ծանոթանալ քննիչ հանձնաժողովի կողմից նախապատրաստված փաստաթղթին:

Անհրաժեշտության դեպքում պատրաստ եմ հրապարակել փաստաբանական խմբի տրամադրած պարզաբանումն ամբողջությամբ, ինչպես նաեւ ԱԺ աշխատակազմի հետ նամակագրությունը»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն