Վերաքննիչ դատարանը կարճել է Ֆունկցիոնալության գնահատման համակարգի վերաբերյալ գործի վարույթը

Ֆունկցիոնալության գնահատման նոր համակարգի վերաբերյալ Վարչական դատարանի վճիռը բեկանվել է։ Վարչական վերաքննիչ դատարանը, նախագահությամբ Ալեքսանդրա Հարությունյանի, կազմով Միքայել Մելքումյանի եւ Հայկ Խաչատրյանի, այսօր կարճել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» հասարակական կազմակերպության՝ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության դեմ ներկայացված հայցադիմումի գործով վարույթը։

Հիշեցնենք՝ Ֆունկցիոնալության գնահատման նոր համակարգը, որ ներդրվել է 2023 թ․ փետրվարին, ավելի քան 2 տարի է՝ դատական վեճի առարկա է։ Գործարկումից ամիսներ անց «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» հասարակական կազմակերպությունը (այսուհետ՝ հայցվոր) դատական հայց էր ներկայացրել Նախարարության դեմ (այսուհետ՝ պատասխանող)՝ վիճարկելով դրա օրինականությունը։ 2024 թ․ հունվարին Վարչական դատարանը, նախագահությամբ Աղասի Դարբինյանի, վճռել էր հայցը բավարարել մասնակի․ ոչ իրավաչափ էր ճանաչվել անձի ֆունկցիոնալությունը գնահատելիս միջավայրային գործոնները հաշվի չառնելը։

Թե՛ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայով, թե՛ ներպետական նույնանուն օրենքով՝ հաշմանդամությունը սահմանված է որպես իրավիճակ՝ պայմանավորված անձի առողջական խնդիրների եւ միջավայրային արգելքների փոխազդեցությամբ։ Ըստ այդմ, անձի ֆունկցիոնալության գնահատման կարգով ամրագրված է, որ քաղաքացու դիմումը քննարկելիս մասնագետները գնահատում են նաեւ միջավայրային գործոնները։ Խնդիրը նրանում էր, որ այդ գնահատականները վերջնարդյունքում բանաձեւի մեջ ներառված չեն, ինչն էլ զգալիորեն նվազեցնում է անձանց՝ իրենց կարգավիճակին համապատասխան աստիճան (նախկինում՝ կարգ) ստանալու հավանականությունը։

Աշխատանքի եւ սոցհարցերի նախարարությունը չէր համաձայնել դատարանի վճռին եւ նույն տարեվերջին այն բողոքարկել էր Վերաքննիչ դատարան։ Բողոք էր ներկայացրել նաեւ հայցվոր կողմը, քանի որ իր մյուս երկու պահանջները չէին բավարարվել։

Վերաքննիչ դատարանն այսպիսով մասնակի է բավարարել կողմերի բողոքները․ վճիռը բեկանել է, սակայն ո՛չ հայցը մերժել է, ո՛չ էլ հետ է ուղարկել՝ նոր քննության։

Ուսումնասիրելով գործում առկա նյութերը եւ լսելով կողմերի դիրքորոշումները՝ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ հայցվոր կազմակերպությունը հայց հարուցելու իրավունք չուներ։

Դատարանն իր այս եզրահանգումը հիմնավորել է՝ հղում կատարելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքին, որում ամրագրված են այն կոնկրետ չափանիշները, որոնց միաժամանակյա առկայության պայմաններում միայն հասարակական կազմակերպությունները շրջակա միջավայրի պահպանության եւ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում կարող են հայց հարուցել Վարչական դատարան, այն էլ միայն իրենց շահառուների շահերի ներկայացման պարագայում։ 

Ըստ այդմ, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության նպատակով ստեղծված հասարակական կազմակերպությունները ՀՀ վարչական դատարան հայց կարող են ներկայացնել, եթե 

1) խախտվել է հաշմանդամություն ունեցող անձանց խմբերի՝ հաշմանդամության հիմքով խտրականությունից պաշտպանվելու իրավունքը, կամ խախտվել է հաշմանդամություն ունեցող անձի՝ խտրականությունից պաշտպանվելու իրավունքը, և որը, ելնելով առողջական վիճակից կամ այլ հանգամանքից, չի կարող անձամբ ներկայացնել իր իրավունքները և օրինական շահերը դատարանում, 

2) կազմակերպության կանոնադրությամբ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունը սահմանված է որպես նպատակ, ԵՒ անդամների պարզ մեծամասնությունը հաշմանդամություն ունեցող անձինք են, 

3) հայց ներկայացնելու պահին նախորդող առնվազն երկու տարվա ընթացքում գործունեություն է ծավալել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանություն ոլորտում:

Այս համատեքստում դատարանն արձանագրել է, որ հայցադիմումով բարձրացված խնդիրը վերաբերում է անձին որպես հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու սկզբնական/նախնական փուլին՝ անձի ֆունկցիոնալության գնահատմանը, երբ վերջինս դեռեւս որեւէ որոշմամբ չի ճանաչվել հաշմանդամություն ունեցող անձ, մինչդեռ այդպիսի որոշման առկայությունը պարտադիր է անձին հաշմանդամություն ունեցող անձ համարելու համար․ 

«Միևնույն ժամանակ ներկայացված հայցադիմումով կազմակերպությունը նշել է, որ սույն դեպքում խախտվել է հաշմանդամություն ունեցող անձանց խմբերի՝ հաշմանդամության հիմքով խտրականությունից պաշտպանվելու, մասնավորապես, օրենքի առաջ հավասար պաշտպանության իրավունքը, որոնք անցնում են ֆունկցիոնալության առաջնակի գնահատման (հաշմանդամության սահմանման) գործընթացով․․․ Սակայն անձի ֆունկցիոնալության գնահատման փուլում, երբ դեռեւս առկա չէ այն եզրափակող վարչական ակտ, չի կարող խոսք լինել հաշմանդամություն ունեցող անձանց խմբերի՝ հաշմանդամության հիմքով խտրականությունից պաշտպանվելու մասին․․․ Խախտման մասին կարող է խոսք լինել բացառապես այն դեպքում, երբ անձը ճանաչվել է որպես հաշմանդամություն ունեցող անձ եւ նույն իրավական/փաստական կարգավիճակի շրջանակներում այս կամ այն անձի կամ անձանց նկատմամբ դրսեւորվում է տարբերակված մոտեցում»:

Այսինքն՝ Վերաքննիչ դատարանի գնահատմամբ՝ անձի կամ անձանց խմբի նկատմամբ հաշմանդամության հիմքով խտրականություն կարող է առկա լինել կամ նման խտրականության դրսեւորման հնարավորության մասին կարող է խոսվել, եթե այդ անձը կամ անձանց խումբն օրենքով սահմանված կարգով արդեն իսկ ճանաչված են հաշմանդամություն ունեցող, իսկ այս դեպքում հայցվորը վիճարկում է այնպիսի գործողություններ, որոնք միտված են հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու գործընթացի մեկնարկին:

Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ նման պայմաններում ներկայացված բողոքների հիմքերին ըստ էության անդրադառնալու անհրաժեշտություն այլեւս չկա։

Հայցվոր կազմակերպությունն արդեն իսկ հայտարարել է, որ որոշումը կբողոքարկի Վճռաբեկ դատարան․ «Մեր գնահատմամբ սա խտրականությունից պաշտպանության իրավունքի նեղ եւ վտանգավոր մեկնաբանություն է եւ հակասում է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի հայեցակարգին։ Դատարանում մենք բազմիցս վկայակոչել էինք «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոմիտեի ընդհանուր մեկնաբանությունը, որը հստակ նշում է՝ հաշմանդամության հիմքով խտրականության կարող են ենթարկվել ոչ միայն այն անձինք, որոնք ներկայում ունեն հաշմանդամություն, այլ նաեւ անձինք, որոնք նախկինում հաշմանդամություն են ունեցել, անձինք, որոնց մոտ հնարավոր է ապագայում լինի հաշմանդամություն, անձինք, որոնք հասարակության կողմից ընկալվում են որպես հաշմանդամություն ունեցող, անձինք, որոնք որեւէ կերպ կապված են հաշմանդամություն ունեցող անձի հետ»,- ասված է հայտարարության մեջ։

 

 

Լուսանկարի սկզբնաղբյուրը՝ shutterstock.com

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն