Նոյեմբերի 26-ի՝ ժամը 10։30-ի դրությամբ, Տավուշի մարզի Դիլիջան «Կազաչի» հատվածում բռնկված հրդեհը մեկուսացվել է, մյուս հատվածներում՝ Նավուր բնակավայրի մոտակայքում, Դիլիջանի ոլորաններին հարակից անտառում և Դիլիջանի «Լեռնային Արմենիա» հյուրանոցի մոտակայքում աշխատանքները շարունակվում են։ Այս մասին հաղորդում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը:
ՆԳՆ-ն հերքում է նաև մամուլում շրջանառվող տեղեկությունը առ այն, որ հրդեհը տարածվել է «Լեռնային Հայաստան» առողջարան, և հորդորում հետևել միայն պաշտոնական լրահոսին։
«Հրդեհը հիմնականում տարածվել է խոտածածկ հատվածում։ Տարածքում մեծաքանակ ծառեր չեն այրվել․ արձանագրվել են ջերմահարումներ։ Հրդեհի տարածումը դեպի տներ և առողջարան կանխվել է»,- ասվում է հաղորդագրությունում:
Ընդհանուր առմամբ, ըստ ՆԳՆ-ի, հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են 669 փրկարարական ծառայող, 215 էկոպարեկ և բնակիչներ։ Հրդեհաշիջման աշխատանքներին և տարածքի օդային հետախուզությանն աջակցելու նպատակով օրվա ընթացքում ՊՆ ուղղաթիռով իրականացվել է 22 թռիչք, և աշխատանքներն ինտենսիվորեն շարունակվում են։
«Մամուլում տեղեկութուններ են տարածվում հրդեհաշիջման աշխատանքներում կամավորների հավաքագրման վերաբերյալ: Իրավիճակը լիովին ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության վերահսկողության տակ է, իսկ կամավորական խմբերի օգնության անհրաժեշտության դեպքում կտրվի համապատասխան հայտարարություն»,- նշում են փրկարար ծառայությունից:
ՆԳՆ-ն հորդորում է նաև խստորեն պահպանել հրդեհային անվտանգության կանոնները, հրդեհ կամ ծուխ նկատելու դեպքում խնդրում անհապաղ զանգահարել 911։