Հրապարակվել է Ուիթքոֆին և Ուշակովին վերագրվող հեռախոսազրույցի սղագրություն. Թրամփը մեկնաբանել է | news.am

news.am: «Bloomberg» գործակալությունը հրապարակել է հեռախոսազրույցների սղագրություններ, որոնք ենթադրաբար տեղի են ունեցել հոկտեմբերի 29-ին Վլադիմիր Պուտինի արտաքին քաղաքականության գլխավոր խորհրդական Յուրի Ուշակովի և Ռուսաստանի նախագահի տնտեսական խորհրդական Կիրիլ Դմիտրիևի միջև, ինչպես նաև հոկտեմբերի 14-ին՝ Ուշակովի և Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի միջև։

Այդ զրույցից երկու օր անց տեղի է ունեցել Թրամփի և Պուտինի հեռախոսազրույցը։ Պուտինի հետ զրույցից հետո ԱՄՆ նախագահը ցանկություն է հայտնել հանդիպել նրա հետ Բուդապեշտում։

«Զելենսկին ուրբաթ օրը կգա Սպիտակ տուն։ Ես կմասնակցեմ այդ հանդիպմանը, որովհետև նրանք ցանկանում են, որ ես այնտեղ լինեմ, բայց ես կարծում եմ, որ, եթե հնարավոր է, մենք պետք է խոսենք ձեր շեֆի հետ մինչև ուրբաթ օրվա այդ հանդիպումը»,- ասել էր Ուիթքոֆը։

Հաղորդվում է, որ զրույցի ընթացքում Ուշակովը և Ուիթքոֆը քննարկել են Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագրի պոտենցիալ պայմանները, որոնք այնուհետև ներառվել են Թրամփի 28 կետից բաղկացած խաղաղության ծրագրում։

Ուիթքոֆն ընդգծել է, որ ինքը կարծում է՝ տարածքային փոխանակումն անհրաժեշտություն է՝ միաժամանակ խորհուրդ տալով շնորհավորել Թրամփին և ավելի լավատեսորեն տրամադրվել քննարկումներին:

«Հիմա, ինձնից քեզ խորհուրդ. ես գիտեմ, թե ինչ է նշանակում հասնել խաղաղության պայմանագրի. Դոնեցկը և գուցե մեկ այլ տեղ տարածքային փոխանակում [լինի]: Բայց ես առաջարկում եմ՝ այդպես խոսելու փոխարեն ավելի հույսով լի բանակցել, քանի որ ես կարծում եմ՝ մենք այստեղ պայմանագիր ենք կնքելու»,- ասում է Ուիթքոֆը 5 րոպե տևած խոսակցությունում:

Հոկտեմբերի 29-ին Վլադիմիր Պուտինի արտաքին քաղաքականության գլխավոր խորհրդական Յուրի Ուշակովի և Ռուսաստանի նախագահի տնտեսական խորհրդական Կիրիլ Դմիտրիևի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի սղագրությունից երևում է, որ կողմերը քննարկել են խաղաղության ծրագրի ռուսական տարբերակի նախապատրաստումը, որն էլ հետագայում առաջարկվել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացին։

«Այս փաստաթուղթը, ուղղակի մենք կկազմենք այն որպես մեր դիրքորոշում, և ես ուղղակի ոչ պաշտոնապես անմիջապես կփոխանցեմ, որ այս ամենը ոչ պաշտոնական է։ Թող նրանք էլ կազմեն որպես իրենցը։ Այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ նրանք ամբողջությամբ մեր տարբերակը չեն վերցնի, բայց առնվազն առավելագույնս մոտ կլինեն դրան»,- ասել է Դմիտրիևը Ուշակովին։

Տեքստի մի մասը այս տեսքն ունի.

Ուշակով – Այո՛, Կիրիլ Ալեքսանդրովիչ, լավ, ես ամեն ինչ այնտեղ եմ ուղարկել։ Վաղը այնտեղ կխոսենք։

Դմիտրիև – Հիանալի է, հիանալի է։ Այո, այո, այո, այո։ Ես մեկնում եմ Սաուդյան Արաբիա, բայց կարծում եմ, որ դա իսկապես կարևոր է, այո, որովհետև դա առաջ շարժվելու իսկապես լավ ճանապարհ է։

Ուշակով – Դե, մեզ առավելագույնն է պետք, ենթադրում եմ, ի՞նչ եք կարծում։ Բայց ի՞նչ կա փոխանցելու։

Դմիտրիև – Ոչ, նայեք։ Կարծում եմ՝ մենք պարզապես կնախագծենք այս փաստաթուղթը, կարծես դա մեր դիրքորոշումն է և ես պարզապես ոչ պաշտոնապես կփոխանցեմ, որ սա ամբողջությամբ ոչ պաշտոնական է։ Եվ թող նրանք դա անեն այնպես, կարծես դա իրենցը լինի։ Չեմ կարծում, որ նրանք մեր տարբերակը ճիշտ կընդունեն, բայց գոնե դրան հնարավորինս մոտ մի բան։

Ուշակով – Դե, դա է խնդիրը, նրանք կարող են չընդունել, բայց կասեն, որ դա մեզ հետ համաձայնեցված է եղել։ Ահա թե ինչից եմ ես վախենում։

Դմիտրիև – Ոչ, ոչ, ոչ, ոչ։ Ես անկասկած համաձայն եմ ձեզ հետ, ճիշտ այնպես, ինչպես դուք ասացիք, բառ առ բառ։

Ուշակով – Նրանք կարող են ամեն ինչ փոխել ավելի ուշ։ Դե, այդպիսի վտանգ կա։ Կա։ Դե լավ, մի անհանգստացեք։ Կտեսնենք։

Դմիտրիև – Այո, կարծում եմ՝ այդպես է։ Եվ հետո կարող ես նաև Սթիվի հետ խոսել այս հոդվածի մասին։ Այնպես որ, մենք դա կանենք զգուշորեն։

Մեկնաբանելով Bloomberg-ի հրապարակումը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է. «Սա բանակցությունների ստանդարտ ձև է… Ես ենթադրում եմ, որ նա նույնն ասում է նաև Ուկրաինայի հետ: Այս պատերազմը կարող է շարունակվել տարիներով: Ռուսաստանն ունի շատ ավելի շատ մարդիկ ու զինվորներ: Եթե Ուկրաինան կարողանա գործարք կնքել, դա լավ կլինի երկու կողմերի համար էլ: Ուկրաինան շատ ավելի փոքր է»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն