armtimes.com: ԱԺ պատգամավորների 1/4-ի նախաձեռնությամբ նոյեմբերի 28-ին հրավիրվելու է ԱԺ արտահերթ նիստ:
Օրակարգում ««ՀՀ-ի և ԵՄ-ի միջև Եվրոպական միության ճգնաժամային կառավարման գործողություններում ՀՀ մասնակցության շրջանակը սահմանելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» նախագիծն է:
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստին հիմնական զեկուցող, ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը ԱԺ հանձնաժողում հայտնել է, որ համաձայնագիրը հնարավորություն է ստեղծում ճգնաժամերի կառավարման ոլորտում լավագույնս օգտագործել ԵՄ փորձն ու գիտելիքները, միաժամանակ հիշեցրել, որ վերջին շրջանում ՀՀ-ի և ԵՄ-ի միջև գործընկերության օրակարգը համալրվել է անվտանգային և պաշտպանական ոլորտի համագործակցությամբ:
«Հայաստանի մասնակցությունը ԵՄ առաքելություններին հնարավորություն կընձեռի կողմերի համապատասխան գերատեսչությունների միջև փոխգործակցության հաստատման և կամ խորացման համար, ինչը կդյուրինացնի հետագա համագործակցությունը տարբեր նախաձեռնությունների շրջանակներում: Համաձայնագիրը ԵՄ-ի հետ կդառնա իրավական այն շրջանակը, որը կկանոնակարգի այդ համագործակցությունը»,- ասաց նախարարի տեղակալը:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը հետաքրքրվեց՝ ինչո՞վ է պայմանավորված հարցի հրատապությունը, ինչո՞ւ նախագիծը չի ներառվել ԱԺ հերթական նիստերի օրակարգում:
Հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը պարզաբանել է՝ դեկտեմբերի 2-ին Բրյուսելում տեղի է ունենալու Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորհրդի նիստը, և որ թե՛ ԵՄ գործընկերները, թե՛ ՀՀ գործադիրի գործընկերները խնդրել են հնարավորության դեպքում համաձայնագիրը քննարկել և համապատասխան որոշումը կայացնել մինչև դեկտեմբերի 2-ը: