armenpress.am: Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը նոյեմբերի 25-ին կայացած «Կամեցողների կոալիցիայի» հանդիպումից հետո հայտարարել է վերջին օրերին ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում «կայուն և խրախուսող առաջընթացի» մասին։ Այս մասին նա գրել է X սոցիալական հարթակում։
Նա նաև նշել է, որ տեսակոնֆերանսի մասնակիցները ողջունել են ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի ներկայությունը քննարկմանը։
«Մեզ հարկավոր է ուժեղ անդրատլանտյան համագործակցություն, որովհետև այն արդյունքներ է տալիս։ Որպես օրինակ բերենք Ռուսաստանի տնտեսության դեմ մեր համակարգված և հաջորդական պատժամիջոցների ալիքների զգալի ազդեցությունը։ Դրանք կրճատում են Ռուսաստանի ռեսուրսներն ագրեսիվ պատերազմը վարելու համար։ Եվ քանի որ ճնշումը մնում է միակ լեզուն, որին Ռուսաստանն արձագանքում է, ապա մենք կշարունակենք այն մեծացնել մինչև լինի խաղաղության հասնելու հավաստի ուղու վրա կանգնելու իրական պատրաստակամություն», – գրել է ֆոն դեր Լայենը։
Նա հավելել է, որ Եվրոպան և նրա գործընկերները լիովին ներգրավված են արդար և կայուն խաղաղություն գտնելու հարցում։ Եվրահանձնաժողովի նախագահը նաև ընդգծել է, որ այս ամենի ֆոնին Ռուսաստանը շարունակում է հարվածներն Ուկրաինային, իսկ հրթիռները և անօդաչու թռչող սարքերը «խախտում են Մոլդովայի և Ռումինիայի օդային տարածքը»։
«Սա ևս մեկ հիշեցում է, որ Ուկրաինայի անվտանգությունը Եվրոպայի անվտանգությունն է։ Ուկրաինայի շահերը մեր շահերն են։ Դրանք անբաժանելի են», – նշել է նա՝ հավելելով, որ Եվրոպան կշարունակի կանգնած մնալ Կիևի կողքին առաջիկա բանակցություններում։
Նա քննարկումների գլխավոր հարց է անվանել Ուկրաինայի ֆինանսավորումը, այդ թվում՝ ռուսական սուվերեն ակտիվների միջոցով։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը և Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Փարիզում համանախագահել են «Կամեցողների կոալիցիայի» հանդիպումը, որին տեսակապի միջոցով միացել են Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, կոալիցիայի 35 երկրների ներկայացուցիչները, Եվրոպական խորհրդի նախագահը, Եվրահանձնաժողովի նախագահը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։ Հանդիպմանը միացել է նաև ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։