Հռոմի Լևոն 14-րդ պապը ժամանել է Թուրքիա | armenpress.am

armenpress.am: Հռոմի Լևոն 14-րդ պապն իր առաջին արտասահմանյան ուղևորությունն է իրականացրել՝ ժամանելով Թուրքիա: Հռոմի պապի ինքնաթիռը վայրէջք է կատարել մայրաքաղաք Անկարայում, որտեղ կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդն արարողակարգի համաձայն նախ և առաջ այցելել է Աթաթուրքի դամբարան։

Այցի առաջին օրվա ընթացքում նա Անկարայում կհանդիպի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

Էրդողանի հրավերով Անկարայում է նաև Պոլսո Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը, որը մասնակցելու է Հռոմի պապի պատվին կազմակերպված նախագահական ընդունելությանը։

Այցի ընթացքում Հռոմի պապը մեկնելու է նաև Ստամբուլ։ Ակնկալվում է, որ Լևոն 14-րդը կայցելի նաև Պոլսո Հայոց պատրիարքություն, որտեղ կհանդիպի պատրիարք Սահակ Մաշալյանի հետ ու կաղոթի հայկական Սուրբ Մարիամ Աստվածածին մայր տաճարում։

Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, այցի շրջանակում Լևոն 14-րդը Իզնիկում, որտեղ ժամանակին գտնվել է Նիկիա քաղաքը, կմասնակցի Նիկիայի տիեզերական ժողովի 1700-ամյակի տոնակատարությանը:

Ըստ Վատիկանի մամուլի ծառայության՝ նոյեմբերի 30-ին Լևոն 14-րդ պապը Թուրքիայից կմեկնի Լիբանան, որտեղ կհանդիպի կրոնական առաջնորդների հետ, այնուհետև պատարագ կմատուցի Բեյրութի ափամերձ հատվածում՝ 2020 թվականին տեղի ունեցած պայթյունի վայրում՝ աղոթելով ավելի քան 200 զոհերի համար:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն