Վնասվածքներ ստացած փրկարարների կյանքին վտանգ չի սպառնում։ Այս մասին հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարությունից:
Հիշեցնենք, որ երեկ՝ նոյեմբերի 26-ին, Տավուշի մարզում հրդեհաշիջման աշխատանքների իրականացման ընթացքում Լոռու մարզային փրկարարական վարչության Վանաձորի թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողական մեքենան ենթարկվել էր վթարի: Վթարի ենթարկված հրշեջ-փրկարարներից չորսը հոսպիտալացվել է: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Նրանցից երեքի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության, մեկինը` բավարար: Կազմակերպվել է տուժածներից երեքի տեղափումը երևանյան բժշկական հաստատություններ, մեկ փրկարար բուժում է ստանում մարզային բժշկական կենտրոնում:
ՆԳՆ-ից հաղորդում են, որ այսօր ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ու Փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը տեսակցել են վթարի հետևանքով վնասվածքներ ստացած փրկարարներին։
Հավելենք, որ վթարի հետևանքով զոհվել է հրշեջ-փրկարար, փ/ծ սերժանտ Տարոն Սիմոնյանը։