ՀՀ Ներքին գործերի նախարարությունից հաղորդում են, որ լայնածավալ գործողությունների արդյունքում հրդեհների բոլոր օջախները մարվել են.
«ՆԳ նախարարությունը հորդորում է պահպանել հրդեհային անվտանգության կանոնները։ Նոյեմբերի 21–27-ը խոշոր հրդեհներ էին բռնկվել Գեղարքունիքի, Տավուշի, Լոռու, Շիրակի, Կոտայքի, Արագածոտնի, Սյունիքի մարզերի բուսածածկ և խոտածածկ տարածքներում։ Հրշեջ-փրկարարները անմիջապես անցել են հրդեհաշիջման աշխատանքների իրականացմանը։
Լայնածավալ գործողություններին ներգրավվել է ավելի քան 2,700 փրկարարական ծառայող, Շրջակա միջավայրի նախարարության և Էկոպարեկայի ծառայության աշխատակիցներ, ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումներ, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, համայնքների բնակիչներ, 65 հիմնական և շուրջ 260 օժանդակ տեխնիկա, ՊՆ ուղղաթիռ, որով իրականացվել է 109 թռիչք՝ օդային հետախուզման և հրդեհաշիջման նպատակով։
Օպերատիվ շտաբը ձևավորվել է ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանի ղեկավարությամբ։ Լրատվամիջոցների հետ հաղորդակցությունը իրականացնում էր ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը՝ ներկայացնելով օպերատիվ տեղեկատվություն, պաշտոնական հարթակներում պարբերաբար ներկայացվում էր իրավիճակի վերաբերյալ տեղեկություն։
Մեծամասշտաբ հրդեհի վերաբերյալ առաջին ահազանգը ստացվել է նոյեմբերի 21-ին. Մարտունու, Վարդենյաց լեռնանցքի, Զոլաքարի, Լճաշենի և այլ տարածքներում բռնկված օջախները մարելու նպատակով ՆԳՆ Փրկարար ծառայության ուժերը անմիջապես անցել են հրդեհաշիջման գործողությունների։ Հրշեջ-փրկարարներին հաջողվել է արդեն նոյեմբերի 25-ին նշված հատվածներում ամբողջովին մեկուսացնել հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը անտառային հատվածներ և բնակելի գոտիները։
Նոյեմբերի 22–24-ը ահազանգեր են ստացվել նաև Տավուշի մարզի Նավուր բնակավայրի և Դիլիջան քաղաքի հարակից անտառածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ։ Իրականացվել են մեծամասշտաբ հրդեհաշիջման աշխատանքներ։ Դիլիջանի ոլորանների և «Լեռնային Հայաստան» առողջարանի մոտակա հատվածներում արձանագրված հրդեհները մարվել են։ Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի առողջարանային գոտի ու բնակելի տներ։
Ցավոք, նոյեմբերի 26-ին ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է հրշեջ-փրկարար, Փրկարար ծառայության սերժանտ Տարոն Սիմոնյանը։ Եվս չորս հրշեջ-փրկարար տեղափոխվել են բժշկական կենտրոն, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Նույն ժամանակահատվածում ահազանգեր են ստացվել նաև Լոռու, Շիրակի, Կոտայքի, Արագածոտնի, Սյունիքի մարզերի խոտածածկ և բուսածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ։ Հրդեհների օջախներն ամբողջությամբ մարվել են, կանխվել է հրդեհների տարածումը դեպի բնակավայրեր, կենսական ենթակառուցվածքներ ու անտառային հատվածներ։ ՆԳՆ Փրկարար ծառայությունը շարունակում է իրականացնել վերահսկողություն՝ հնարավոր բռնկումներից խուսափելու նպատակով։
Այս ընթացքում ԶԼՄ-ներում և սոցցանցերում հրապարակվեցին չճշտված և որոշ դեպքերում խուճապային տեղեկություններ՝ Փրկարար ծառայության կողմից օպերատիվ չգործելու, տեխնիկայի անբավարարության, իրավիճակի չվերահսկելու վերաբերյալ։ Իրականում փրկարարները, համագործակցելով գործընկեր կառույցների աշխատակիցների հետ, գործել են պրոֆեսիոնալ և օպերատիվ։ Նրանք օրերի ընթացքում մարեցին հրդեհները, կանխեցին հետագա զարգացումները ու անդառնալի վնասը։
Ներքին գործերի նախարարությունը հորդորում է խստորեն պահպանել հրդեհային անվտանգության կանոնները, լինել զգոն. ցանկացած անփութություն և անուշադրություն կարող է անդառնալի հետևանքներ ունենալ։ Կրակ կամ ծուխ նկատելու դեպքում անմիջապես զանգել 911»։Ասված է ՆԳՆ հաղորդագրության մեջ։