civilnet.am: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն Ազգային ժողովի Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրել է Համընդհանուր առողջության ապահովագրության (ՀԱԱ) համակարգի մանրամասները՝ հստակեցնելով, թե որ խմբի քաղաքացիների համար պետությունը կփոխհատուցի ապահովագրավճարը։
Նախարարի խոսքով՝ ՀԱԱ համակարգի ներդրման առաջին փուլով՝ 2026-ին, նախատեսվում է ապահովագրել երկու խումբ անձանց, որոնցից մեկի համար ապահովագրավճարը կփոխհատուցի պետությունը։
«Պետության կողմից ապահովագրավճարի փոխհատուցում կստանան մինչև 18 տարեկանները, 65+ տարիքի անձինք են, հաշմանդամության առաջին, երկրորդ, երրորդ կարգ ունեցողները, սոցիալական անապահովության 28 և ավելի բալ ունեցող ընտանիքները»,- ասաց նախարարը։
Առաջին փուլով կներառվեն նաև այն անձինք, որոնց ամսական համախառն եկամուտը 200 հազար դրամից ավելի է։
Նախարարը նաև հստակեցրել է այս խմբերի համար պարտադիր պայմանները.
«Բոլոր այն քաղաքացիների խմբերը, ովքեր որ կապահովագրվեն պետության կողմից, նրանց համար գործելու է մի քանի կոնկրետ չափանիշներ։ Առաջինը և ամենակարևորը դա Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելն է, Հայաստանի Հանրապետության քաղաքացի և Հայաստանի Հանրապետությունում ռեզիդենտ լինելու կարգավիճակ, սա նշանակում է, որ տարվա ընթացքում անձը Հայաստանում պետք է բնակվի, առնվազն 183 օր, և այս պարագայում է, որ պետությունը կփակի նրա ապահովագրավճարը»։
Մյուս խումբը՝ 200,000 դրամից ավելի աշխատավարձ ստացողները, իրենք են վճարելու իրենց ապահովագրավճարը, և նրանց վրա չի տարածվելու քաղաքացիության ու ռեզիդենտության պահանջը։
Երկրորդ փուլում՝ 2027-ից, համակարգում ներառվելու են մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ունեցող անձինք, հաջորդիվ՝ 2028-ից, մնացած խմբերը, այդ թվում՝ գյուղացիական տնտեսություններում զբաղվածները, նրանց ընտանիքի անդամները։