civilnet.am: Հռոմի պապ Լեո 14-ը՝ իբրև առաջին արտասահմանյան այցի երկիր, ընտրել է Թուրքիան, որտեղ պաշտոնական այցով է նոյեմբերի 27-ից 30-ը։
Հռոմի պապի կարգավիճակը հուշում է, որ պապերի ցանկացած այց արտերկիր կրում է երկու բաղադրիչ․ քաղաքական՝ որպես Վատիկան պետության ղեկավարի և հոգևոր՝ իբրև Կաթոլիկ աշխարհի հովվապետի։
Թուրքիայում Հռոմի պապի այցը դիտարկում են աշխարհում Թուրքիայի ռազմավարական դերի կարևորության համատեքստում, իսկ թերթերը հաղորդում են, թե Հռոմի պապը Անկարային համաշխարհային գործընթացներում միջնորդի դեր է վերապահել։
Հռոմի պապի այցի բուն նպատակը ուխտագնացությունն է Իզնիկ քաղաք, որը հնում հայտնի էր Նիկեա անունով։ Այս տարի լրանում է 325 թ․Նիկեայի Տիեզերական ժողովի 1700-ամյակը՝ հիշարժան իրադարձություն ամբողջ քրիստոնյա աշխարհի համար։ Հռոմի Կոստանդինոս կայսեր հովանավարությամբ տեղի ունեցած առաջին տիզերական ժողովը գլխավորապես սահմանում էր քրիստոնեական դավանաբանական հիմքերը։ Նիկեայի ժողովին մասնակցել է նաև Սուրբ Գրիգոր Լուսավորչի որդի Արիստակեսը։
Պատմական Նիկեա քաղաք այցելությունը հանգուցյալ Հռոմի պապ՝ Ֆրանցիսկոսի նպատակն էր։ Այժմ այն իրականացնում է Հռոմի նոր պապը։
Թուրքիայի ու Վատիկանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատվել են 1960-ին, որից հետո, չհաշված ներկա այցը, չորս տարբեր Հռոմի պապեր են մեկնել Թուրքիա։
Լեո Տասնչորսերորդը Թուրքիայից հետո մեկնելու է Լիբանան։