Գերագույն հոգևոր խորհրդի ժողով չի գումարվել վարչապետի հետ հանդիպած եպիսկոպոսների բացակայության պատճառով

Նոյեմբերի 28-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, նախատեսված էր Գերագույն հոգևոր խորհրդի հայաստանաբնակ անդամների ժողով, որի իրավազոր նիստը հնարավոր չեղավ գումարել Տ․ Նավասարդ արք․ Կճոյանի, Տ․ Աբրահամ արք․ Մկրտչյանի, Տ․ Վազգեն արք․ Միրզախանյանի, Տ․ Վրթանես եպս․ Աբրահամյանի, Տ․ Գևորգ եպս․ Սարոյանի բացակայության պատճառով։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից:

Վերջիններս երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում ունեցած եպիսկոպոսների թվում են: Բացի նրանցից՝ հանդիպմանը մասնակցել են նաև Տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը, Տեր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, Տեր Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը։

Մայր Աթոռից հայտնում են, որ այնուամենայնիվ, ներկա ժողովականները մասնավոր անդրադարձ ունեցան նոյեմբերի 27-ին ինը եպիսկոպոսների ստորագրությամբ հրապարակված հայտարարությանը։

«Արձանագրվեց, որ հիշյալ շարադրանքն ամբողջապես խեղաթյուրված է ներկայացնում Տ․ Արշակ արք․ Խաչատրյանի խնդրով ստեղծված հանձնախմբի աշխատանքը։

Հանձնախումբը, ըստ էության, որևէ նիստ չի գումարել և անգամ հնարավորություն չի ընձեռել Արշակ սրբազանին հանդիպելու իր հետ, իսկ Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացված հանձնախմբի անդամների եզրակացությունը պատշաճ ընթացակարգով չի կազմվել։ Նշվեց նաև, որ հանձնախմբի կողմից որևէ պաշտոնական դիմում չի կատարվել Քննչական կոմիտե Սրբազանին վերագրվող տեսանյութի փորձաքննության համար, իսկ հանձնախմբի առանձին անդամի կողմից ստացված եզրակացությունը ձեռք է բերվել օրենքի ակնհայտ խախտումով, սպառիչ և լիարժեք չէ և չի կարող արժանահավատ հիմք ծառայել, որով և չէր կարող ընդունելի նկատվել Հայոց Հովվապետի կողմից։

Տեղեկացվեց նաև, որ նոյեմբերի 24-ին հանձախմբի ատենապետ Տ․ Խաժակ արք․ Պարսամյանը, հաշվի առնելով առկա հանձնախմբի արդյունավետ աշխատելու դժվարությունները, գրություն է ուղղել Վեհափառ Հայրապետին՝ առաջարկելով հարցի արդար քննության իրականացման համար ձևավորել երեք անձից կազմված նոր հանձնախումբ, որը կարող է նաև քննարկել Սրբազանի ծառայության առժամյա կասեցման հարցը մինչ հանձնաժողովի աշխատանքների ավարտը։ Նոր հանձնախմբի առաջարկի վերաբերյալ նոյեմբերի 25-ին իրազեկվել են և համաձայնություն տվել գործող հանձնախմբի անդամները»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Մայր Աթոռից հայտարարում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հասցեին հնչեցվող մեղադրանքները բացարձակ անհիմն են և շինծու, Սրբազանի անձի թիրախավորումը ու կանխակալ կարծիքների ձևավորումը՝ անթույլատրելի։

Ավելի վաղ Կոտայքի թեմի առաջնորդ Տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը հայտնել է, թե «չի կարող Արշակին հեռացնել, քանի որ Արշակին հեռացնել նշանակում է հայ եկեղեցու կործանում»:

«Դատապարտելի և անընդունելի համարելով որդեգրված սույն կեցվածքը՝ ժողովականները խիստ հրամայական նկատեցին, որ եկեղեցականները վերադառնան կանոնական դաշտ՝ իրենց մտահոգություններն արծարծելով Եկեղեցու բարձրագույն ժողովական մարմիններում, և չխաթարեն Եկեղեցու միաբանությունը»,- հայտարարում են Մայր Աթոռից:

Հիշեցնենք՝ մերձիշխանական ԶԼՄ-ներում տարածվել էր 13 եպիսկոպոսների վերագրվող նամակ, ըստ որի՝ նոյեմբերի 5-ին Մայր աթոռում ստեղծվել է հանձնախումբ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող աղմկահարույց տեսանյութերի փորձագիտական եզրակացություն իրականացնելու համար։ Ըստ հրապարակումների՝ նոյեմբերի 25-ին ՔԿ-ն տրամադրել է եզրակացություն, որով հաստատվել է տեսանյութերի իսկությունը, սակայն Ամենայն Հայոց Կաթողիկոսն «առ ոչինչ» է համարել այն ու, իբրև թե եպիսկոպոսները դատապարտում են կաթողիկոսի որոշումը և պահանջում վերականգնել Հայ առաքելական եկեղեցու սուրբ անունը։ Նամակի առանձին էջում 13 եպիսկոպոսների անուններ են և նրանցից 9-ի ստորագրությունները։

Ավելի ուշ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի պատասխանատու Տեր Եսայի քահանա Արթենյանն «Ազատության» հետ զրույցում ասել էր, որ «մի քանի բարձրաստիճան հոգևորականներին վերագրվող հայտարարությունը խեղաթյուրումներով շարադրված տեքստ է, մի շարք տեղեկություններ և պնդումներ չեն համապատասխանում իրականությանը»։

Լուսանկարը՝ Մայր Աթոռ / 22.11.2025, Սուրբ և Անմահ Պատարագ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն