Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանն ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:
«Հանդիպման մեկնարկին կողմերն անդրադարձել են վերջին շրջանում հանրային ուշադրության կենտրոնում գտնվող բնապահպանական խնդիրներին՝ ընդգծելով անտառային հրդեհների կանխարգելման, արագ արձագանքման համակարգերի կատարելագործման և մթնոլորտային օդի աղտոտվածության նվազեցման կարևորությունը։
Քննարկվել են նաև շրջակա միջավայրի մոնիթորինգի, մասնավորապես՝ մթնոլորտային օդի որակի վերահսկման կարողությունների զարգացման ուղղությամբ համագործակցության հնարավորությունը։
Հանդիպման օրակարգում եղել է ՄԱԿ-ի «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի COP17 առաջիկա համաժողովը։
Նախարար Համբարձում Մաթևոսյանը ներկայացրել է կազմակերպչական աշխատանքների ընթացքը՝ ընդգծելով, որ Հայաստանը պատրաստվում է կազմակերպել ներառական և բազմակողմ համագործակցությունը խթանող համաժողով։
Քննարկել են նաև առաջիկա խոշոր միջազգային բնապահպանական միջոցառումներին հայկական պատվիրակությունների մասնակցության հարցերը՝ կարևորելով միջազգային հարթակներում Հայաստանի ներկայությունն ու ակտիվությունը։
Կողմերը վերահաստատել են բնապահպանական քաղաքականության և կայուն զարգացման ուղղությամբ համատեղ ծրագրերի առաջմղման Հայաստանի պատրաստակամությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ: