Գերմանիայի կանցլերը հայտարարել է, որ Օրբանը Մոսկվա է մեկնել՝ չունենալով բանակցելու եվրոպական մանդատ | armenpress.am

armenpress.am: Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Մոսկվա է մեկնել՝ չունենալով բանակցությունների համար եվրոպական մանդատ և ուղևորության հավանություն ԵՄ ղեկավարների կողմից։ Այս մասին նա ասել է Սլովենիայի վարչապետ Ռոբերտ Գոլոբի հետ Բեռլինում կայացած համատեղ մամուլի ասուլիսում։

«Վիկտոր Օրբանի դիրքորոշումը մեզ արդեն վաղուց է հայտնի։ Դա նրա առաջին այցը չէ Մոսկվա»,- Մերցի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը։

Գերմանիայի կանցլերը հիշեցրել է, որ Հունգարիայի վարչապետը 2024 թվականին արդեն ուղևորություն է ձեռնարկել Մոսկվա՝ Եվրոպական խորհրդում երկրի նախագահության շրջանում։

«Նա մեկնում է (այնտեղ)՝ չունենալով եվրոպական մանդատ կամ մեր կողմի հավանությունը: Բայց ոչ մի նոր բան այստեղ չկա. նա ունի իր սեփական պատկերացումներն այդ պատերազմի դադարեցման վերաբերյալ»,- հայտարարել է կանցլերը։

​​Մերցի գնահատմամբ՝ այդ պատկերացումները «մինչ օրս չեն իրականացվել»։

«Եթե ինչ-որ մեկն ունի ավելի լավ գաղափարներ, քան մենք, ապա դա պետք է ողջունել, բայց ես կասկածում եմ, թե դա կլինի ավելի հաջող, քան նախորդ անգամ։ Ցավոք»,- հավելել է կանցլերը։

Նոյեմբերի 28-ին Օրբանը Կրեմլում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների ժամանակ հայտարարել է, որ Հունգարիան իրականացնում է սուվերեն ուղեգծի արտաքին քաղաքականություն և տեղի չի տվել արտաքին ճնշմանը՝ Ռուսաստանի հետ համագործակցության պատճառով:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն