factor.am: Ստեփանակերտի քաղաքային դատարանը խափանման միջոց կալանք է ընտրել տեղի հայ բնակիչ Կարեն Ավանեսյանի նկատմամբ, որը մեղադրվում է, իբր, մի քանի ծանր հանցագործությունների մեջ: Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, այն ուղարկվել է Գյանջայի ծանր հանցագործությունների դատարան՝ դատաքննության համար:
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածել, թե այս տարվա սեպտեմբերի 14-ին գլխավոր դատախազության քննչական վարչությունը քրեական գործ է հարուցել Ադրբեջանի Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով՝ Ստեփանակերտում հրազենի և զինամթերքի օգտագործմամբ ահաբեկչական հարձակման, որի արդյունքում տեղի է ունեցել պայթյուն, ինչպես նաև երկուսից ավելի ոստիկանների սպանության փորձի վերաբերյալ՝ կապված ահաբեկչական գործունեության և այլ հանգամանքների հետ։ Նախաքննությունն ավարտվել է։
Քննչական միջոցառումներով հիմնավոր կասկած է առաջացել, թե, իբր, 1967 թվականին ծնված Ստեփանակերտի հայ բնակիչ Կարեն Ավանեսյանը կատարել է մի շարք առանձնապես ծանր հանցագործություններ։
Ըստ ադրբեջանական կողմի՝ «Ավանեսյանը հասարակական անվտանգությունը խախտելու, բնակչության շրջանում խուճապ առաջացնելու, պայթյուններով, սպանություններով և այլ սոցիալապես վտանգավոր հետևանքներով ուղեկցվող ահաբեկչական գործողություններ կատարելու, ինչպես նաև ահաբեկչության հետ կապված կանխամտածված սպանության հանցագործություններ կատարելու նպատակով ստացել և Խանքենդի քաղաքում (Ադրբեջանն այսպես է կոչում Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը) երկար ժամանակ պահել է հրազեն՝ ԱԿՄՍ ինքնաձիգ՝ իր բաղադրիչներով, ինչպես նաև մեծ քանակությամբ ձեռքի նռնակներ, որոնք մնացել են քաղաքում մինչև 2023 թվականի սեպտեմբերը գործող անօրինական զինված խմբավորումներից»։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում