Ուկրաինան աշխատում է արժանապատիվ խաղաղության համար․ Զելենսկի | civilnet.am

civilnet.am։ «Ուկրաինան աշխատում է արժանապատիվ խաղաղության համար»․ այս մասին ասել է Զելենսկին՝ ԱՄՆ-ում սպասվող խաղաղության համար բանակցությունների ֆոնին։

Նա նշել է, որ Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովին նշանակել է ուկրաինական պատվիրակության ղեկավար՝ Անդրեյ Երմակի փոխարեն։

Նոյեմբերի 28-ին Զելենսկին հայտնեց, որ իր գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հրաժարականի դիմում է գրել։ Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոն և Մասնագիտացված հակակոռուպցիոն դատախազությունը խուզարկություններ էին անցկացրել Երմակի մոտ՝ Ուկրաինայում էներգետիկ կոռուպցիոն սկանդալի ֆոնին:

«Ռուստեմ Ումերովը թիմի հետ արդեն դեպի Միացյալ Նահանգներ ճանապարհին է: Այսօր Ռուստեմի զեկույցն էր, և առաջադրանքը հստակ է՝ օպերատիվ և բովանդակային պատրաստել քայլերի հստակեցումը՝ պատերազմի ավարտի համար»,- հայտարարել է Զելենսկին՝ իր թելեգրամ ալիքում:

Նրա խոսքով՝ Ուկրաինան շարունակում է առավելագույնս կոնստրուկտիվ աշխատել Ամերիկայի հետ, և բոլորը հաշվարկում են, որ Ժնևում հանդիպումների արդյունքները այժմ կմշակվեն Միացյալ Նահանգներում: Նա նշել է, որ պատվիրակության աշխատանքի արդյունքներն ամփոփող հանդիպում կունենան կիրակի օրը:

Նոյեմբերի 21-ին Դոլանդ Թրամփը Ուկրաինային է ներկայացրել 28 կետից բաղկացած խաղաղության պլանը և չնայած մինչև նոյեմբերի 27-ը ժամանակ էր տվել Ուկրաինային, ուկրաինական կողմը դեռ որոշում չի կայացրել։ Խաղաղության ծրագրի շուրջ այս շաբաթ Ժնևում բանակցություններ են ընթացել։

ՌԲԿ-Ուկրաինայի աղբյուրներով՝ կողմերին հաջողվել է համաձայնեցնել ԱՄՆ-ի պլանի նորմերի մեծ մասը: Բացի այդ, վիճելի կետերից զգալի մասը ճշգրտվել են, այդ թվում՝ զինված ուժերի թվաքանակի , Զապորոժյեի ատոմակայանի, գերիների փոխանակման և դատապարտվածների վերադարձի ձևաչափի մասին:

Նաև անցած շաբաթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ուղարկում է իր հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆին Մոսկվա, իսկ ԱՄՆ բանակի նախարար Դեն Դրիսկոլին՝ Կիև: Ակնկալվում է, որ ամերիկյան պաշտոնյաները կքննարկեն խաղաղության պլանը՝ պատերազմի ավարտի համար:

Թրամփի պլանը նախատեսում է Ղրիմի, Լուգանսկի և Դոնեցկի ճանաչումը՝ որպես ռուսական տարածքներ, մինչդեռ Խերսոնը և Զապորիժյեն սառեցված կարգավիճակ կստանան։ Ուկրաինական զորքերը պետք է հեռանան Դոնեցկի իրենց վերահսկողության տակ գտնվող հատվածներից։ Ուկրաինական բանակը կսահմանափակվի 600,000 անձնակազմով, իսկ երկիրը սահմանադրորեն պետք է ամրագրի, որ չի միանա ՆԱՏՕ-ին։ ՆԱՏՕ-ն զորք չի տեղակայի Ուկրաինայում։ Երաշխիքների մասով՝ եթե Ռուսաստանը կրկին ներխուժի, բոլոր պատժամիջոցները կվերականգնվեն։ Նախատեսվում են նաև ռազմագերիների փոխանակում, ընտրություններ 100 օրում, ներում պատերազմական գործողությունների համար և այլ կետեր։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն