Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ստամբուլում հանդիպել է Թուրքիայի գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարար Իբրահիմ Յումաքլիի հետ։
«Քննարկեցինք Կարս–Գյումրի երկաթուղային հաղորդակցության վերաբացման հնարավորությունները, TRIP ծրագրի միջոցով առաջացող տնտեսական, լոգիստիկ և առևտրային նոր հնարավորությունները երկու երկրների համար»,- ֆեյսբուքի իր էջում գրել է Պապոյանը։
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել շուկաների դիվերսիֆիկացման, լոգիստիկ նոր ուղիների ձևավորման, փոխադարձ տնտեսական հետաքրքրությունների ընդլայնման հնարավորություններին։
Կողմերը կարևորվել են Հայաստան-Թուրքիա կանոնավոր շփումները և վերահաստատել երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը։ Թուրքիայի նախարարը բարձր է գնահատել վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին այցելությունը Թուրքիա՝ ընդգծելով դրա դրական ազդեցությունը երկկողմ հարաբերությունների զարգացման համար։
Քննարկվել են նաև գյուղատնտեսության ոլորտում համագործակցության վերաբերյալ հարցեր, մասնավորապես՝ գյուղապահովագրության, կարկտահարության և կենդանիների հիվանդությունների դեմ համատեղ պայքարի վերաբերյալ։