Մարտի 1-ի գործով նիստը կրկին հետաձգվեց․ Խաչատուրովը պահանջում է մեղադրանքի թարգմանությունը | iravaban.net

iravaban.net։ Հակակոռուպցիոն Քրեական դատարանում՝ Սարգիս Պետրոսյանի նախագահությամբ անցկացվեց Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական դատական նիստը։ Դատական նիստին ներկա էին հանրային մեղադրող Հայկ Հովհաննիսյանը, մեղադրյալներ Սեյրան Օհանյանը, Արմեն Գևորգյանը, Յուրի Խաչատուրովը, պաշտպաններ  Արամ Վարդևանյանը, Արամ Օրբելյանը, Միհրան Պողոսյանը, Լուսինե Սահակյանը և Կարեն Մեժլումյանը։ Դատական նիստին ներկա էր նաև թարգմանչուհի Նինա Կարապետյանը։ Ներկա էին նախապես ծանուցված բոլոր մասնակիցները։Գործով նախորդ դատական նիստը հետաձգվել էր հանրային մեղադրողի կողմից ներկայացված նոր փաստաթղթերին ծանոթանալու, դրանց թարգմանությունը Մեղադրյալ Յուրի Խաչատուրովին  տրամադրելու համար։

Այսօր՝ դեկտեմբերի 1-ին կայացած նիստի սկզբում Դատարանը Յուրի Խաչատուրովին հարցրեց, թե արդյո՞ք 2019 թվականին ռուսերենով ստացել է մեղադրական եզրակացության բովանդակությունը։ Սակայն պաշտպան Միհրան Պողոսյանը տեղեկացրեց, որ չեն ստացել այն, ստացել են մեղադրանքի որոշումը, խափանման միջոց կիրառելու որոշումը։ Նրա դիտարկմամբ որոշ փաստաթղթերի՝ ռուսերենով չտրամադրումը խախտում է իր պաշտպանյալի իրավունքները։ Դատարանը նշեց, որ եթե կան կոնկրետ փաստաթղթեր, որոնք Յուրի Խաչատուրովին անհրաժեշտ են  անձամբ ծանոթանալու համար, դատարանը կարող է տրամադրել դրանք։

Յուրի Խաչատուրովը Դատարանին առաջարկեց իրեն ազատել բոլոր մեղադրանքներից և շարունակել գործի քննությունը։ Դատարանը սակայն նշեց, որ մեղսագրվող արարքի չհաստատման դեպքում կկայացվի ադարացման վերդիկտ, հակառակ դեպքում՝ մեղադրական։

«Այդ դեպքում թարգմանեք բոլոր փաստաթղթերը»,-ասաց Յուրի Խաչատուրովը։

Դատավոր Սարգիս Պետրոսյանը առաջարկեց՝ եթե մեղադրյալը անձամբ չի ընթերցելու տրամադրված փաստաթղթերը, դրանք վստահելու է իր պաշտպանին, ապա Դատարանը կտրամադրի փաստաթղթերը պաշտպանին։ Յուրի Խաչատուրովը չհամաձայնեց առաջարկին և ասաց, որ ուզում է թարգմանված տարբերակով անձամբ ծանոթանալ փոփոխված մեղադրանքին։

Պաշտպան Կարեն Մեժլումյանը դիտարկմամբ հանդես եկավ, նշելով, որ իր  մոտ տպավորություն է, որ Դատարանը ցանկանում էր համոզել Յուրի Խաչատուրովին։

«Ձեզ մոտ ինչպես միշտ սխալ տպավորություն է ստեղծվում», -ասաց Սարգիս Պետրոսյանը։

Մեժլումյանը նշեց, որ առարկություն է հայտնում Դատարանի` նման արտահայտությունների վերաբերյալ։

Քանի որ փոփոխված մեղադրանքի թարգմանված տարբերակը դեռևս հասանելի չէր կողմերին, դատական նիստը հետաձգվեց։ Հաջորդ դատական նիստը կկայանա դեկտեմբերի 17-ին, ժամը 11։00-ին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն