azatutyun.am: Բրյուսելում ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 6-րդ հանդիպմանն այսօր Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը կստորագրեն համագործակցության նոր՝ ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի փաստաթուղթը։
Եվրամիության ընդարձակման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը Բրյուսելում հայ լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց, որ ստորագրվելիք փաստաթուղթը մի քանի կարևոր, այդ թվում՝ անվտանգային, պաշտպանական բաղադրիչներ է ներառում։ Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան, սակայն, չհստակեցրեց, թե անվտանգային, պաշտպանական կոնկրետ ինչ համագործակցություն է նախատեսում փաստաթուղթը։
Կոսի խոսքով՝ կողմերն ընդլայնելու են համագործացկությունը այլ ոլորտներում ևս, մասնավորապես՝ տնտեսական. ԵՄ-ն աջակցելու է Երևանին տնտեսությունը դիվերսիֆիկացնելու ու ներդրումների հարցում։
Երևանն ու Բրյուսելը դեռ 2024-ի տարեսկզբին էին հայտարարել, որ աշխատանքներ են սկսում ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգի ուղղությամբ՝ բոլոր հարթություններում համագործակցության համար սահմանելով ավելի հավակնոտ համատեղ առաջնահերթություններ: Արդեն այս տարի հունիսին Երևանում Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցչի հետ ճեպազրույցում Հայաստանի արտգործնախարարը հայնտեց, որ կողմերն ավարտել են գործընկերության նոր օրակարգի շուրջ բանակցությունները։
Արարատ Միրզոյանը գործընկերության նոր օրակարգի փաստաթուղթը «հավակնոտ» էր որակել ու պնդել՝ այն ավելի է խորացնելու ՀՀ-ԵՄ երկկողմ գործակցությունը։
ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի փաստաթուղթը ստորագրելուց հետո այսօր Երևանի ժամանակով ժամը14:30 Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը, ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով: