Ծանրամարտի հավաքականների մարզիչներ են փոխվել, այդ թվում՝ Փաշիկ Ալավերդյանը

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան հայտնել է հավաքականների կազմերի ղեկավարների փոփոխությունների մասին:

«Ծանրամարտում առաջիկա տարիներին տեղի են ունենալու մեր թիմի համար կարևոր իրադարձություններ, որոնցից մեկը 2027 թվականին Երևանում կայանալիք աշխարհի առաջնությունն է, որին հաջորդելու են Օլիմպիական խաղերը, որոշում է կայացվել փոփոխություններ իրականացնել ծանրամարտի մեծահասակների հավաքականում:

Երկարամյա գործունեություն իրականացրած գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանին փոխարինելու է թիմի երկրորդ մարզիչ Հակոբ Փիլոսյանը: Երկրորդ մարզիչ է նշանակվել ՀՀ երիտասարների հավաքականի երկրորդ մարզիչ Դավիթ Մուրադյանը:

Փոփոխություններ են տեղի ունեցել նաև մյուս հավաքականներում: ՀՀ երիտասարդների հավաքականի ավագ մարզիչ Մելիք Ղուկասյանի փոխարեն թիմը գլխավորելու է 2012-2014թթ. պատանիների, 2015-2022թթ. մեծահասակների, 2022-2023թթ. կանանց հավաքականի երկրորդ մարզիչ Վիգեն Խաչատրյանը: Երկրորդ մարզիչ է նշանակվել Երևանի ծանրամարտի մարզադպրոցի մարզիչ Վահրամ Գևորգյանը:

ՀՀ պատանիների հավաքականի երկրորդ մարզիչ է նշակավել Գյումրու Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի մարզիչ Արսեն Թամրազյանը, իսկ պատանի աղջիկների հավաքականի ավագ մարզչի պաշտոնում կլինի Գյումրու մարզական բարձրագույն վարպետության դպրոցի մարզիչ Քրիստինե Պետրոսյանը:

Ֆեդերացիայի ղեկավարությունը շնորհակալություն է հայտնում Փաշիկ Ալավերդյանին և Մելիք Ղուկասյանին իրենց գործունեության համար և հաջողություն մաղթում նրանց:

Առաջիկա օրերին Ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սամվել Գասպարյանը կհրավիրի մամուլի ասուլիս, որի ժամանակ կանդրադառնա կատարված փոփոխություններին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Փաշիկ Ալավերդյանը sport.news.am-ի հետ զրույցում հայտնել է՝ իր ազատումը «միանշանակ անձնական խնդիրների պատճառով է»:

«Ֆեդերացիան շնորհակալություն է հայտնում ինձ, բայց ես շնորհակալ չեմ: Ամեն ինչ արվեց, որպեսզի վերջին մրցումներում ձախողում լինի, իսկ ես կարողացա անել այնպես, որ  ձախողում չլինի: Խոսքն այս աշխարհի առաջնության մասին էր, երբ 8 ոսկե մեդալից մեկը բերեցի Հայաստան, որտեղ մասնակցում էր 117 պետություն: Ամբողջ Եվրոպայից միայն մենք ու Բուլղարիան ենք երկամարտի ոսկե մեդալ նվաճել, ուրիշ ոչ մեկը: Էն մնացած երկրներն էլ պիտի հեռացնեն իրենց գլխավոր մարզիչներին: Եվրոպայի 46 պետություն է մասնակցել աշխարհի առաջնությանը, մենք ու Բուլղարիան ենք չեմպիոններ ունեցել: Մնացած 44-ին պիտի հեռացնե՞ն»,- ասել է նա:

Ալավերդյանի խոսքով՝ սա ամենամեծ հարվածն է մեր պետությանը, երկրի ղեկավարությանը, հայկական ծանրամարտին եւ սպորտին. «Ես 52 տարի հայկական ծանրամարտում եմ եղել, որից 28-ը անցկացրել եմ բարձր մակարդակով՝ Օլիմպիական խաղեր, աշխարհի, Եվրոպայի առաջնություններ: Վերջին 18-19 տարի անձնական աշխատանք եմ տարել հավաքականի հետ: Այսքան նվիրում սպորտին, բարձր արդյունքներ, մեծ նվաճումներ բերած մարդուն այսօր հեռացնում են պաշտոնից վատ աշխատանքի համար: Մենք այսօր ունենք աշխարհի չեմպիոն, բայց իրենց դա պետք չի: Աշխարհի չեմպիոն, որը օլիմպիական չեմպիոնի իրական հավակնորդ է: Այնպես են անում, որ դա չլինի ու ասպարեզից հեռացնում են այն մարդուն, ով կարող է պատրաստել օլիմպիական չեմպիոնի: Ես ժողովրդին ուզեցա բացատրեմ իմ հարցազրույցներում, որ սխալվել եմ: Չէի կարծում, որ մարդ կարող է 73 տարեկամնում էլ սխալվել: Գիտեի, որ 20-23 տարեկանում սխալվում են, բայց ոչ հասուն տարիքում: Իսկ հիմա ֆեդերացիային ասում եմ ՝ ես էլ ձեզանից եմ շնորհակալ, որ ձեզանից «պրծա»»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն