armenpress.am Ուկրաինայի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Ֆլորիդայում կայացած բանակցություններում լրամշակել են ռուս-ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման ամերիկյան ծրագիրը, որն ավելի վաղ կողմերը համաձայնեցրել էին Ժնևում: Այս մասին իր Telegram ալիքում գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
«Աշխատանքը կատարվել է Ժնևի փաստաթղթի հիման վրա, և այդ փաստաթուղթը լրամշակվել է», – գրել է նա:
Զելենսկին նաև հայտնել է, որ ուկրաինական պատվիրակության ղեկավար, Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը և ուկրաինական բանակցային խմբի մասնակիցները «զեկուցել են երկխոսությունում ամերիկյան կողմի հիմնական շեշտադրումների մասին»: Թե ինչ շեշտադրումների մասին է խոսքը, նա չի մանրամասնել:
Ուկրաինայի նախագահը նաև նշել է, որ հետախուզության մասնակցությամբ ամերիկյան կողմի հետ քննարկում է տեղի ունեցել ռազմաճակատում որոշ քայլերի իրականացման հեռանկարների, իսկ հրադադարի դեպքում՝ ռուսական հարվածներից և պայմանավորվածությունների խախտումներից անվտանգության ապահովման հարցերի շուրջ։
Ավելի վաղ Զելենսկին հայտարարել էր, որ Ֆլորիդայում ուկրաինական և ամերիկյան պատվիրակությունների բանակցությունների արդյունքներով Կիևը դեռ պետք է աշխատի «դժվարին հարցերի» վրա:
Նոյեմբերի 23-ին ԱՄՆ-ն և Ուկրաինան խորհրդակցություններ են անցկացրել Ժնևում: Ըստ ԶԼՄ-ների՝ պատվիրակությունները համաձայնեցրել են Վաշինգտոնի առաջարկած ծրագրի մեծ մասը, բայց ոչ բոլոր առանցքային դրույթները։ Ավելի ուշ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ 28-կետանոց ծրագրի կետերի թիվը կրճատվել է մինչև 22։
Նոյեմբերի 30-ին ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունները բանակցությունները շարունակել են Ֆլորիդայում։ Հանդիպումից հետո ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ բանակցությունները կառուցողական էին, սակայն դեռ շատ աշխատանք կա անելու:
Դեկտեմբերի 2-ին ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և ԱՄՆ նախագահ Թրամփի խորհրդական և փեսա Ջարեդ Քուշները Մոսկվայում բանակցություններ կվարեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։