Արցախյան բանակցություններին վերաբերող փաթեթի հրապարակումով Նիկոլ Փաշինյանը կնքեց իր քաղաքական ամենամեծ ֆիասկոներից մեկը․ կատարվեց այն, ինչ բոլորս վաղուց գիտեինք, և նա իր ճակատին վերջնկանապես դաջեց Արցախը հանձնողի խարանը։
Այս մասին հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյանը 2019-ին ԵԱՀԿ Մինսկի խմբից ստացել է ԼՂ բանակցություններին վերաբերող առաջարկ, որը թաքցրել է հայ ժողովրդից։
«Հայ ժողովուրդ, քեզ, որ խոստանում էր, թե հրապարակներում հավաքվելու ենք և միասին որոշենք Արցախի ճակատագիրը, որ ստանա առաջարկ, անպայման ձեզ տեղեկացնելու է, Նիկոլը խաբեց։ Խաբում էր 2019 թվականին, երբ փաստաթուղթը ստացել էր և ձայն չէր հանում, խաբում էր 2020 թվականին, երբ [ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ] Լավրովը հայտարարեց, որ փաստաթուղթ է տվել, իսկ դու որևէ ընթացք չես տվել, Նիկոլ, և առանց աչքը թարթելու Նիկոլ Փաշինյանը նայում էր մեր, ձեր աչքերի մեջ և ասում էր՝ որևէ բանակցային փաստաթուղթ չկա։ Այնինչ այսօր հրապարակեց 2019 թվականի հունիսով թվագրված բանակցային առաջարկ»,- ասել է Աշոտյանը:
Ըստ նրա՝ առաջին հետևությունը, որ պետք է անել որպես փաստ, այն է, որ «Նիկոլ Փաշինյանին ստախոս է»:
«2-րդ․ փաստաթղթի փակագծում գրել են 2016, որ ասեն՝ դե դա իր օրոք բանակցված չի, դա Սերժից եկած բանակցություն է։ Սերժ Սարգսյանը պոդքասթում ասաց, որ տեսել էր այդ փաստաթուղթը, և այն կարող էր լինել նորմալ բանակցային հիմք, և կային էլեմենտներ, որ կարելի էր բանակցել և շտկել։ Այդ փաստաթուղթը բացարձակ վատը չէր անգամ այդ տարիների համար, էլ չասեմ, որ այսօրվա իրավիճակի համար այն պարզապես երանելի փաստաթուղթ էր։
Նիկոլը 2019-ին ստանում է նորմալ բանակցային առաջարկ, այն մեզանից թաքցնում է, բոյկոտում, տորպեդահարում է, հարամ է անում Մինսկի խմբի համանախագահների շրջանակում բանակցությունների կոնստրուկտիվ ընթացքը և ստեղծում դիվանագիտական հիմքեր Ադրբեջանի լայնածավալ և ստոր ռազմական ագրեսիայի համար։
[Հրապարակված փաստաթղթում] ՄԱԿ-ի ԱԽ բանաձևի նախագիծ կա, որը պիտի ամրապնդվեր կարգավորման իրավական փաստաթղթի մեջ։ 2019 թվականին ստացել է փաստաթւղթ, որտեղ գրված է, որ ԼՂ վերջնական կարգավիճակը պիտի որոշվի ԼՂ բնակչության կողմից ազատ կամարտահայտման, պարտադիր իրավական ուժ ունեցող որոշմամբ և միջազգային հանրությունը պարտավոր է ճանաչել այդ քվեարկության ցանկացած արդյունք։ Այսինքն՝ նույնիսկ 2019-ին կար հնարավորություն բանակցելու էս փաստաթղթի շուրջ, որի մեջ բաց տեքստով ՄԱԿ-ի ԱԽ բանաձևի մակարդակով ֆիքսվում էր ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացման հնարավորությունը»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է Աշոտյանը:
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ կառավարության պաշտոնական էջով տարածվել է հաղորդագրություն, որ հրապարակվում են «ԼՂ հակամարտության կարգավորմանն առնչվող բանակցային փաստաթղթեր» և հրապարակայնորեն հասանելի մի շարք փաստաթղթեր, որոնք, ըստ ՀՀ կառավարության՝ «ուղիղ առնչություն ունեն առաջին խումբ փաստաթղթերի հետ»: