ԵԱՀԿ Մինսկի խմբի 2019թ. առաջարկները ներառող փաստաթուղթը ներկայացվել է որպես նախորդող շրջանի բանակցային սեղմագիր: Այս մասին ՀՀ ազգային ժողովում 2026թ. պետական բյուջեի նախագծի քննարկումների եզրափակիչ ելույթում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանը ներկայացրեց, թե ինչ տրամաբանությամբ է այդ փաստաթուղթը փոխանցվել իրեն:
«Ես համանախագահների առաջ խնդիր եմ դրել, ասել եմ՝ էստեղ թղթեր կան լիքը, ես չեմ հասկանում՝ էս թղթերից որն է էս պահի մեկնարկային կետը բանակցային գործընթացի նախորդող շրջանի ամփոփումը, սեղմագիրը: 2019թ. հունիսի թուղթը էդ ա: Համանախագահները դա տվել են որպես նախորդող շրջանի բանակցային սեղմագիր»,- ասաց Փաշինյանը:
Նա ընդգծեց, որ այդ համատեքստում հարց է տվել համանախագահներին, թե այդ փաթեթներով հնարավո՞ր է, որ Լեռնային Ղարաբաղը չլինի Ադրբեջանի տարածքում:
«Հնչել է հստակ պատասխան՝ այո, եթե Ադրբեջանը համաձայնի»,- հավելեց նա:
Փաշինյանը, ի պատասխան քննադատությունների, որ Քի վեսթի փաթեթը չի հրապարակվել, հայտարարեց, որ քանի որ ՀՀ կառավարության տիրապետության ներքո չկա այդ փաթեթը:
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ կառավարության պաշտոնական էջով տարածվել է հաղորդագրություն, որ հրապարակվում են «ԼՂ հակամարտության կարգավորմանն առնչվող բանակցային փաստաթղթեր» և հրապարակայնորեն հասանելի մի շարք փաստաթղթեր, որոնք, ըստ ՀՀ կառավարության՝ «ուղիղ առնչություն ունեն առաջին խումբ փաստաթղթերի հետ»: Ավելի ուշ ՀՀ կառավարության էջում պարզաբանում է տարածվել փաստաթղթերի վերաբերյալ՝ «Ի՞նչ է բացահայտում Ղարաբաղի բանակցային փաթեթը» վերնագրով:
Փաստաթղթերի հրապարակման վերաբերյալ ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը հայտնել է, որ իրենք հասել են իրենց ուզածին, և Նիկոլ Փաշինյանը հրապարակել է ԵԱՀԿ ՄԽ 2019թ. առաջարկը՝ միաժամանակ պահանջելով հրապարակել նաև Հայաստանի պատասխանն այդ առաջարկին: Իսկ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հայտարարել է, որ «Արցախյան բանակցություններին վերաբերող փաթեթի հրապարակումով Նիկոլ Փաշինյանը կնքեց իր քաղաքական ամենամեծ ֆիասկոներից մեկը», քանի որ «2019-ին կար հնարավորություն բանակցելու այս փաստաթղթի շուրջ, որի մեջ բաց տեքստով ՄԱԿ-ի ԱԽ բանաձևի մակարդակով ֆիքսվում էր ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացման հնարավորությունը»: