Ըստ գնդապետ Մաղսուդյանի՝ ԻՍՎ անձնակազմը Ջրական հասնելու կոնկրետ ժամ չի ունեցել

44-օրյա պատերազմի ժամանակ 4-րդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ, գնդապետ Արտակ Մաղսուդյանի վկայությամբ՝ Ագարակի զորամասի ինժեներասակրավորական անձնակազմին 2020 թ․ հոկտեմբերի 9-ին Ջրական հասնելու կոնկրետ ժամ չի նշվել։ 

Այս հարցը դատարանում քննարկման առարկա է այն համատեքստում՝ կարո՞ղ էր արդյոք անձնակազմը հակառակորդի անօդաչու թռչող սարքից երկար մնալ պատսպարված, թե՞ ժամանակի խնդիր կար, եւ պետք էր շտապել։

Ինչպես հայտնի է, Ջրական մեկնող անձնակազմը, լսելով ԱԹՍ-ի ձայնն ու որոշ դեպքերում՝ նաեւ տեսնելով այն, Իշխանաձորի խաչմերուկում կանգնեցրել է երթն ու բացազատվել։ Սակայն երբ խաչմերուկ է ժամանել նրանց հրամանատար, փոխգնդապետ Անդրանիկ Վերանյանը, վերջինս երթը շարունակելու հրաման է տվել։ Րոպեներ անց ԱԹՍ-ն հարվածել է մեքենային։ 18 զինծառայող զոհվել է, 1-ը՝ վիրավորվել։ Վիրավորվել են նաեւ «Ուրալ»-ի առջեւից երթեւեկող մեքենայում գտնվող ինժեներասակրավորային (այսուհետ ԻՍՎ) ծառայության պետ, մայոր Խորեն Մելիքյանը եւ այրվող մեքենայում գտնվող շարքային զինծառայող Ա․ Օհանյանի հայրը՝ Հարություն Օհանյանը։ Վերջինս էլ դեպքից հետո հանցագործության մասին հաղորդում է ներակայացրել։ 

Անդրանիկ Վերանյանը ավելի քան 4 տարի է՝ ամբաստանյալի աթոռին է։ Մեղավոր ճանաչվելու դեպքում նրան սպառնում է 6-12 տարի ժամկետով ազատազրկում։

Վերանյանը առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

Ըստ վկայի՝ ի սկզբանե որոշվել է, որ ԻՍՎ անձնակազմը հոկտեմբերի 9-ի գիշերը գնա Ջրական

Ներկայանալով դատարանին՝ Արտակ Մաղսուդյանը հայտնեց, որ Վերանյանին ճանաչում է ծառայության բերումով, եղել է նրա վերադասը։

Նա պատմեց, որ կորպուսի հրամանատար Արտակ Բուդաղյանը հոկտեմբերի 8-ին է իրեն հայտնել ԻՍՎ անձնակազմին Իշխանաձոր տեղափոխելու մասին, ինչին ինքը համաձայնել է մի պայմանով, որ անձնակազմը հաջորդ օրը՝ հոկտեմբերի 9-ի գիշերը գա։ Պայմանը, ըստ նրա, դրել է օդային հնարավոր վտանգներից խուսափելու, ինչպես նաեւ այն պատճառով, որ անձնակազմը նախորդ մի քանի օրը ինտենսիվ աշխատել էր։ 

Մաղսուդյանի խոսքով՝ կորպուսի հրամանատարն ի սկզբանե համաձայնել է, ինքը վերադարձել է զորամաս եւ այդ մասին հայտնել Վերանյանին, սակայն հոկտեմբերի 9-ի ցերեկը հրամանատարը իրեն զանգահարել է եւ ասել, որ գիշերվան չսպասեն․ «Դա 9-ի ցերեկն էր՝ 11-12-ի սահմաններում, զանգեց, ասեց՝ շուտ պիտի գաք, ասում եմ՝ մենք պայմանավորվել ենք, որ գիշերը գանք, ասում է՝ չէ, խնդիր է առաջադրվել ԳՇ-ի կողմից, հետո մի 4-5 անգամ զանգեց, դե, էդքան հեշտ չի էդքան անձնակազմ հավաքելը, մանավանդ էդ պայմաններում, ավտոմեքենաներ պիտի լիցքավորվեն, եւ այլն, եւ այլն, դա տեւեց 2-4 ժամ»,- պատմեց Մախսուդյանը՝ հավելելով, որ խնդիր է առաջացել․ իր տեղեկություններով՝ պայմանագրայինների գումարտակը հրաժարվել է այդտեղ խնդիր կատարելուց։

Արտակ Մաղսուդյանի խոսքով՝ ԱԹՍ-ի հետ վարվելակերպի կանոնակարգում 2020 թ․-ին սահմանված չի եղել

Գնդապետը պատմեց, որ ճանապարհին իր մեքենան էլ է ԱԹՍ-ի հանդիպել․ կանգնեցրել են, վարորդի հետ թաքնվել, ԱԹՍ-ն էլ, նշանակետ չգտնելով, հեռացել է։ Նույն կերպ են վարվել նաեւ հոկտեմբերի 8-ին։

– Ձեր ցուցմունքում նշեցիք, որ երբ ԱԹՍ-ն տեսել եք, մի կերպ փախել եք։ Ի՞նչ կերպ էր դա,- հետաքրքրվեց հանրային մեղադրողը։

– Ավտոմեքենայից դուրս ենք եկել, թողել, ամեն մեկը մի 100 մ հեռավորության վրա պատսպարվել։

– Իսկ ինչի՞ եք տենց արել, ճի՞շտ էր դա։

– Էդ պահին՝ այո։

– Անձնակազմը այդ մասին հրահանգավորված եղե՞լ է, որ ԱԹՍ նկատելու դեպքում պետք է մեքենաներից իջնել ու պատսպարվել։

– Նման ուսուցում մեր ԶՈՒ-ում չի եղել մինչեւ 2020-21 թթ, իհարկե, վատ է եղել, որ չի եղել։

– Իսկ 2016 թ․ Ապրիլյան գործողությունների ժամանակ ԱԹՍ կիրառվե՞լ է։

– Ո՞նց չի կիրառվել։

– Բա դրանից 4 տարի անց արդյո՞ք որեւէ կերպ չի կանոնակարգվել։

– Ես համաձայն եմ Ձեզ հետ, բայց դրա հասցեատերը ես չեմ, մենք ԶՈՒ մակարդակով պիտի հետեւություններ անեինք,- պատասխանեց վկան։

Հանրային մեղադրողը տեղեկացրեց, որ դատաքննության ընթացքում մի քանի վկա իր ցուցմունքում նշել է, որ Մեղրու գունդը նախապես հրահանգավորվել է ԱԹՍ նկատելիս մեքենաները կանգնեցնել, դուրս գալ, պատսպարվել, հնարավորության դեպքում աթս-ի ուղղությամբ կրակ բացել, խոցել․ «Եթե հրահանգավորել են, ուրեմն՝ ճիշտ են արել»,- արձագանքեց վկան։

Ըստ Մաղսուդյանի՝ Վերանյանը հավելյալ աչքի ընկնելու կարիք չուներ

Մեղադրողը քննարկման առարկա դարձրեց Մարտական կանոնադրության այն դրույթը, ըստ որի՝ օդային հարձակման ժամանակ երթը, որպես կանոն, շարունակվում է․

-Դուք այս «որպես կանոն»-ը ո՞նց եք հասկանում։

-Նայած իրավիճակին․ երբ պետք է, հղում ենք անում Կանոնադրությանը, երբ չէ, իրականության մեջ դա չի գործում։

-Ես հասկանում եմ այսպես․ կանոնից կարելի է անել բացառություն, եւ ըստ անհրաժեշտության չշարունակել։

-Այո,- համաձայնեց վկան։

Անդրանիկ Վերանյանի պաշտպան Նարեկ Գրիգորյանը խնդրեց հայտնել՝ կա՞ արդյոք որեւէ նորմատիվային ակտ, որը սահմանում է այդ կանոնից շեղումները։ Վկան բացասական պատասխան տվեց։

-Խոսքը վերաբերում է հարձակմանը։ Արդյո՞ք այս պայմաններում եւս, երբ հարձակում չէ, այլ օդուժի առկայություն, ենթադրվում է, որ պիտի իջնես, բացազատվես,- հարցրեց պաշտպանը։

-Նայած իրավիճակի․ եթե օրինակ Սու30 է, իջնելն էլ օգուտ չի տալու։ Ըստ իրավիճակի պիտի որոշվի, չկա կոնկրետ դոգմա,- պատասխանեց վկան։

Ցուցմունք տալիս վկան նշեց նաեւ, որ զինված ուժերում ՀՕՊ-ը կամ չի գործել, կամ գործել է մասամբ։ Պաշտպանը հետաքրքրվեց՝ երբ որեւէ ստորաբաժանման ուղարկում են երթի, պիտի՞ համապատսխան միջոցներով ապահովվեն, եթե Մեղրու զորամասը չուներ այդ միջոցները, ինչո՞ւ էին նրան այդ խնդիրը առաջադրում, եւ ինչո՞ւ վկան չընդդիմացավ կորպուսի հրամանատարին կամ շտաբի պետին, երբ այդ խնդիրն առաջադրվում էր։ Այս հարցերին ի պատասխան՝ վկան հորդորեց վերադառնալ իրականություն․

-Պարո՛ն Մաղսուդյան, իրականությունը այն է, որ Վերանյանը դատվում է։

-Ես չեմ ուզում, որ Վերանյանը դատվի, ամենայն անկեղծությամբ, չեմ ուզում։

Քանի որ Վերանյանի մեղադրանքում նշված է, որ նա, անձնական շահագրգռվածությունից ելնելով, չարաշահել է պաշտոնեական լիազորությունները, կողմերը քննարկման առարկա են դարձնում նաեւ այդ շահագրգռվածության գործոնը։ Պատասխանելով մեղադրողի հարցին՝ վկան ասաց, որ յուրաքանչյուր գործողության մեջ կա անձնական շահագրգռվածություն, տվյալ դեպքում՝ որ հրամանը կատարվի նորմալ, պատշաճ, մինչեւ վերջ, բայց հրաման կատարելիս այդ շահագրգռվածությունը միայն անձնական չէ։ Պաշտպան Գրիգորյանը դարձյալ հարց հղեց․

-Երբ Դուք հրաման եք ստացել, անձնական ի՞նչ շահագրգռվածությունով եք դրա կատարումը պայմանավորել։

-Եթե իմ շահն ու պետության շահը համընկնում են, դառնում է նաեւ իմ շահը․․․ Խնդիր ենք ստացել, մենք էլ զինվորական մարդ ենք, գնացել ենք հնարավորության սահմաններում խնդիրը պատշաճ կատարելու։

-Տվյալ դեպքում Անդրանիկ Վերանյանը հավելյալ աչքի ընկնելու կարիք ունե՞ր։

-Չէ, ինքը զուսպ է եղել միշտ, լուրջ ծավալի խնդիրներ է կատարել առաջնագծում, երբեւէ իր պահվածքով, իր խառնվածքով ցուցադրական բաներ չի ունեցել,- հայտնեց գնդապետը։

Գնդապետի վկայությամբ՝ եթե Վերանյանը վստահաբար չգիտեր, որ օդը պաշտպանված է, չպետք է երթը շարունակելու հրաման տար

Գնդապետի ենթադրությամբ՝ նույն ԱԹՍ-ն, իրենց հանդիպելիս թիրախ չգտնելով, շարժվել է Իշխանաձորի կողմ եւ խոցել ԻՍՎ անձնակազմին։ Ինքն անձամբ այդ պահին այդտեղ չի եղել, ուստի մեղադրողը խնդրեց հայտնել՝ ինչ է լսել Վերանյանի գործողությունների մասին։

– ԻՍՎ անձնակազմը, Ձեր խոսքով, ճիշտ է վարվել՝ իջել է, պատսպարվել, այս պայմաններում Վերանյանի կողմից մեքենաները նստելու եւ երթը շարունակելու հրաման տալը ճի՞շտ եք համարում։

– Եթե իջել են, ճիշտ է, եթե վտանգը չեզոքացվել է կամ սպառնալիքը էլ չկա, բնականաբար ճիշտ է նստել եւ շարժվել։

– Այս դեպքում օդում է եղել, անձնակազմը վտանգ է ստացել․․․ Դուք նշեցիք, որ մի քանի անգամ Բուդաղյանից զանգ եք ստացել՝ շուտ հասեք-շուտ հասեք, ենթադրվո՞ւմ է, որ ԻՍՎ անձնակազմը խիստ անհրաժեշտ է եղել։

– Դե, բոլորն են խիստ անհրաժեշտ։

– Բա էդ դեպքում ինչքա՞ն բացազատված մնային։

– Նենց չի, որ ԻՍՎ անձնակազմին ժամանակ է տրված եղել, որ էսինչ ժամին պիտի լինեն կոնկրետ էսինչ տեղը․․․  Կարողա 5 ժամ մնային, մինչեւ վտանգը վերանար։

– Շուտ հասնելը ենթադրում է, չէ՞, հնարավորինս արագ։

– Այո։

– Բա այդ պայմաններում ԻՍՎ անձնակազմի՝ խաչմերուկում մնալը ինչքանո՞վ կարող էր հիմնավոր լինել։

– Եթե անհրաժեշտություն կար, որ տվյալ ստորաբաժանումը մնար 3 ժամ կամ 5 ժամ, ուրեմն՝ պիտի մնար, ինչի՞ մասին է խոսքը, ասել են՝ երեկոյան, ինչքան շուտ, էդքան լավ, բայց եթե խնդիր կա, ասենք, ավտոմեքենայի հետ, ի՞նչ պիտի անեն, վազելով երթ կատարե՞ն․․․

– Ի վերջո ԻՍՎ անձնակազմը պիտի ողջ հասներ, չէ՞։

– Ոչ միայն նրանք, բոլորը։

– Այսինքն՝ խնդիրը միայն հասնելը չէ, այլ ողջ հասնելը, որ խնդիր կատարեն։

– Նենց չի, որ իրենց կոտորելով պիտի հասնեն․․․ Ոչ ոք չի ասել՝ եթե վտանգ է, ինչ գնով ուզում է լինի, հասեք,- պատասխանեց գնդապետը։

Մեղադրողը նաեւ հետաքրքրվեց, թե հասնելու պարագայում ինչ խնդիր պետք է կատարեր ԻՍՎ անձնակազմը։ Ի պատասխան՝ վկան հայտնեց, որ ԻՍՎ անձնակազմը առհասարակ երկու նպատակով է ուղարկվում․ կամ մասնագիտական՝ ականապատում, կամ որպես հրաձգային ստորաբաժանման մաս, որպեսզի մարտ վարեր։

Տուժողների իրավահաջորդների հարցին՝ նստելու հրաման տալով՝ Վերանյանն ի վերջո խախտում թույլ տվել է թե չէ, վկան պատասխանեց այսպես․ «Եթե ես զգում եմ, որ հարյուր տոկոս անվնաս է, ասենք, հետախուզական ԱԹՍ է, ոչ հարվածային, կնստեմ, կշարունակեմ, եթե չէ, ապա ոչ։ Եթե Վերանայնը կոնկրետ գիտեր, որ օդը պաշտպանված է, պիտի նստեր, շարունակեր, եթե չուներ էդ ինֆորմացիան, բնականաբար չպիտի նստեր»,- ասաց գնդապետ Արտակ Մաղսուդյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն