ՀՀ ազգային ժողովի տասներորդ նստաշրջանի հերթական նիստի օրակարգում ընդգրկված է նաև «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը:
Օրենքի նախագիծը հեղինակել են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Մերի Գալստյանը և Արուսյակ Մանավազյանը:
Այս օրենքը կարգավորում է ՀՀ տարածքում տնային և թափառող, ծառայողական, ցուցադրման, սպորտային կամ ժամանցային միջոցառումների համար օգտագործվող կենդանիների հետ կապված հարաբերությունները:
Նշենք, որ կենդանիների պաշտպանության ՀԿ-ները և անասնաբուժական ոլորտի ներկայացուցիչները հայտարարել են, որ վերջին ամիսներին օրենքի շուրջ քննարկումների համատեքստում բազմիցս դիմել են ԱԺ՝ գրավոր առաջարկություններով, մասնագիտական խմբի ձևավորման առաջարկով, ինչպես նաև բաց քննարկումների անցկացման պահանջով, սակայն նշում են, որ դիմումներից ոչ մեկին պաշտոնական պատասխան չեն ստացել, առաջարկները անտեսվել են, և նախագծերի առաջխաղացումը շարունակել է՝ առանց ոլորտի մասնագետների համակարգված ներգրավվածության։
«Մենք աջակցում ենք ժամանակակից և արդի օրենք ունենալու գաղափարին, սակայն չենք կարող աջակցել ներկայացված փաթեթին դրա ներկայիս խմբագրությամբ, քանի որ այն պարունակում է ներքին հակասություններ»,- ասվում է հայտարարության մեջ:
Ինչ է առաջարկվում օրենքով, և ինչ են ասում հասարակական կազմակերպությունները:
Տնային կենդանիների պահման պարտադիր պայմաններ
Օրենքը սահմանում է՝
- կենդանիների պարտադիր ստերջացում,
- պարտադիր պատվաստում,
- պարտադիր նույնականացում (տեղեկատվություն պարունակող պիտակ կամ մարմնի որոշակի հատվածում ամրացված միկրոսխեմա կամ դաջվածք), և տնային կենդանիների պահման մի շարք այլ պահանջներ:
- ՀԿ-ների փոխանցմամբ՝ Հայաստանում չկա անասնաբուժական զննման անկախ համակարգ, Երևանից դուրս անասնաբուժական օգնությունը կենտրոնացված է եզակի կլինիկաներում, ուստի առանց պետական մասշտաբային աջակցության, սուբսիդավորման և ենթակառուցվածքների զարգացման ծրագրերի՝ նշված պահանջները դառնում են իրավական առումով պարտադիր, բայց փաստացի անհնարին իրականացման համար։
Ենթակառուցվածքների զարգացման համատեքստում օրենքը սահմանում է, որ պետական լիազոր մարմինը դեռևս պետք է սահմանի այն համայնքների ցանկը, որոնց տարածքում կառուցվելու են թափառող կենդանիների համար նախատեսված կացարաններ և հարակից ենթակառուցվածքներ (ախտորոշիչ լաբորատորիա, անասնաբուժական կենտրոն, վիրահատարան և այլն):
Լիազորություններ
Օրենքով սահմանվում է, որ ՏԻՄ-ն է տրամադրում տնային կենդանի պահելու, նրանց վաճառքը կազմակերպելու թույլտվությունը, կազմակերպում թափառող կենդանիների բռնումը, որոշում անկած կենդանիների դիակների թաղման վայրերը:
ՀԿ-ները նշում են, որ բացակայում են ոլորտային պետական ֆինանսավորումը, համապատասխան կադրային պատրաստվածությունը, համապետական միասնական ստանդարտները և մեթոդաբանությունը. «Այս պայմաններում համայնքներին նման բարդ գործառույթների փոխանցումը հանգեցնելու է ձևական հաշվետվությունների, հին՝ ոչ մարդասիրական մեթոդների վերադարձի, կոռուպցիոն ռիսկերի աճի, հասարակության վստահության կորստի»:
ՀԿ-ները պնդում են, որ կենդանիների ոլորտի հիմնական իրականացնող մարմինը պետք է լինի կենտրոնացված պետական մարմինը, իսկ համայնքները միայն օժանդակ դեր ունենան։
Հանրային վերահսկողություն
Օրենքի 7-րդ հոդվածը սահմանում է կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին օրենքի պահանջների կատարման հանրային վերահսկողությունը, որը կարող են իրականացնել հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, ինչպես նաև քաղաքացիները կամավոր սկզբունքով:
Ըստ կենդանապաշտպան ՀԿ-ների՝ այս դրույթը՝ առանց հստակ մեխանիզմների, մնում է դեկլարատիվ նորմ, քանի որ հանրային վերահսկողությունը պետք է ներառի ԲՍՊՎ (բռնում-ստերջացում-պատվաստում-վերադարձ) ծրագրերի վերաբերյալ տեղեկատվությանը իրական հասանելիություն, մասնակցություն ստուգումներին, որոշումների կայացման գործընթացում ՀԿ-ների գնահատականների և առաջարկությունների ներառման պարտադիր պահանջ։
Կենդանիների քնեցումը
Օրենքով սահմանվում է, որ կենդանիների կյանքն ընդհատելու նպատակով կենդանիների քնեցման պահանջների վերաբերյալ հարաբերությունները կանոնակարգվում են «Անասնաբուժության մասին» օրենքի 33-րդ հոդվածներով սահմանված կարգով, այն է՝
«Քնեցումը թույլատրվում է`
- անբուժելի հիվանդ կենդանիներին, որոնք հիվանդության պատճառով ցավի և տանջանքի մեջ են.
- վարակիչ հիվանդության վերացման համար, որը սպառնում է մարդկանց կամ կենդանիների առողջությանը.
- կենդանիների նկատմամբ փորձարկումների կասեցման համար, որի արդյունքում առաջացել են կենդանիներին ցավ և տանջանք պատճառող ախտաբանական չվերականգնվող փոփոխություններ.
- կենդանիներին, որոնց ագրեսիվ վարքագիծը մարդկանց և կենդանիների առողջության համար իրական վտանգ է ներկայացնում:
ՀԿ-ները անթույլատրելի են համարում երկիմաստ եզրույթների կիրառումը և նշում, որ այն պետք է հստակ արգելք սահմանի կենդանիների քնեցման նկատմամբ՝ բացառելով առողջ կենդանիների, ինչպես նաև բուժման և վերականգնման հնարավորություն ունեցող հիվանդ կենդանիների ոչնչացումը։
Կենդանիների նկատմամբ արգելված գործողություններ
Օրենքը սահմանում է, որ արգելվում է կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը, սակայն մի շարք կետերով նախատեսված արարքները պատասխանատվություն չեն առաջացնում, եթե դրանք կատարվել են կենդանու կողմից մարդու կյանքին և առողջությանը սպառնացող վտանգի պարագայում ինքնապաշտպանության կամ այլ անձանց պաշտպանության նպատակով:
ՀԿ-ները նշում են, որ արգելված գործողությունների ընդլայնված ցանկը հիմնականում համապատասխանում է միջազգային չափանիշներին, սակայն մի շարք ձևակերպումներ չափազանց գնահատողական են և հնարավորություն են տալիս կամայականորեն լայն մեկնաբանությունների, ինչը ստեղծում է մի շարք ռիսկեր:
ՀԿ-ները պնդում են, որ անհրաժեշտ է օրենքի դրույթները կիրառել փուլային տարբերակով:
Նշենք, որ օրենքն ընդունվելու դեպքում ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, իսկ նախատեսված պարտականություններին վերաբերող իրավակարգավորումները՝ դրանից 3 ամիս հետո:
Միաժամանակ սահմանված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվելու են օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում: