Վրաստանը BBC-ին պատասխանատվության ենթարկելու համար կդիմի տարբեր կառույցների. Կոբախիձե | armenpress.am

armenpress.am Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ ցուցարարների դեմ քիմիական նյութեր օգտագործելու վերաբերյալ BBC-ի հոդվածից հետո մեկնարկած հետաքննությանը զուգահեռ Թբիլիսին պլանավորում է դիմել Մեծ Բրիտանիայի հաղորդակցության կարգավորման հանձնաժողովին, իսկ անհրաժեշտության դեպքում՝ միջազգային արդարադատությանը։ Այս մասին հաղորդում է Վրաստանի հանրային հեռարձակող ընկերությունը։

Վարչապետի խոսքով՝ կարևոր է, որ BBC-ի կողմից տարածվող կեղծ տեղեկատվությունն անպատասխան չմնա։

«Մեզ համար հիմնարար նշանակություն ունի, որ BBC-ի կողմից տարածվող կեղծ տեղեկատվությունն անպատասխան չմնա։ Հետևաբար, հետաքննությանը զուգահեռ մենք պլանավորում ենք դիմել ինչպես Մեծ Բրիտանիայի հաղորդակցության կարգավորման հանձնաժողովին, այնպես էլ անհրաժեշտության դեպքում՝ միջազգային արդարադատությանը, որպեսզի BBC-ն կարողանա պատշաճ կերպով արձագանքել և հերքել հատուկ ծառայությունների ձեռագրով տարածվող կեղծ տեղեկատվությունը», – ասել է Վրաստանի վարչապետը։

Ավելի վաղ BBC-ն հրապարակում էր արել, ըստ որի Վրաստանի իշխանությունները 2024 թվականին Թբիլիսիում հակակառավարական ցույցերը ճնշելու համար, ենթադրաբար, օգտագործել են Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի քիմիական նյութ՝ բրոմբենզիլցիանիդ կամ կամիտ:

Վրաստանի Պետական ​​անվտանգության ծառայությունը հետաքննություն է սկսել BBC-ի հրապարակման կապակցությամբ։

Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը դեկտեմբերի 1-ին հայտարարել է, որ BBC-ի դեմ դատական ​​հայցեր են ներկայացվելու միջազգային դատարաններ՝ չհաստատված տեղեկատվություն տարածելու համար։

Ավելի վաղ Կոբախիձեն հայտարարել էր, որ իր թիմը BBC-ին մանրամասն պատասխան էր տվել ցուցարարների դեմ ենթադրաբար քիմիական նյութեր օգտագործելու մասին հարցման առնչությամբ, սակայն այն ամբողջությամբ անտեսվել է։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն