«Քի Վեսթից դուք ինքներդ եք հրաժարվել, Քի Վեսթը պաշտոնական թղթերի մեջ չկա, որովհետև դա ոչ թե բանակցային բովանդակություն ա, դա դավադրություն ա, որի համատեքստում տեղի ա ունեցել 1999-ի հոկտեմբերի 27-ը։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Համանախագահողներից ինչո՞ւ չեք պահանջել «Քի Վեսթի» փաստաթուղթը, կամ եթե այն այդքան ազգադավ փաստաթուղթ էր, ինչո՞ւ չեք հրապարակել․ որովհետև Քի Վեսթով Արցախը Լաչինի միջանցքով միանում էր Հայաստանի Հանրապետությանը»։ Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ դիմելով Նիկոլ Փաշինյանին․
«Էդքան վատն ա՝ գտեք և հրապարակեք»։
Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ասաց՝ դուք հրապարակեք Քի Վեսթի փաստաթուղթը․
«Դուք հրապարակեք։ Եթե գաղտնիության խնդիր կա, ես պաշտոնապես ասում եմ՝ խոստանում եմ՝ կառավարությունը որոշում կկայացնի ապագաղտնիացնելու։ Մենք չունենք, տվեք էդ թուղթը, տասը օր ժամանակ տվեք, կստուգենք, կապագաղտնիացնենք, հրապարակեք։ Երկրորդը, դուք եք հրաժարվել Քի Վեսթի փաստաթղթից»,- ասաց Փաշինյանը՝ նկատի ունենալով նախկին կառավարություններին։
Արձագանքելով Ագնեսա Խամոյանի այն մեղադրանքին, որ Փաշինյանը չի լուծել հակամարտությունը՝ ունենալով բարձր լեգիտիմություն, քանի որ վախեցել է, վարչապետն ասաց․
«Ես վախեցել եմ ժողովրդական սիրո առաջ, այո, վախեցել եմ, իսկ ինչո՞ւ պիտի չվախենայի, ինչի երկրի ճակատագիրը տենց վիճակում ստանձնելով, տենց պատասխանատվություն ստանձնելով պիտի չվախենայի՞։ Իսկ ի՞նչն ա ըտեղ տարօրինակ, որ վախեցել եմ։ Վախենայի՝ նոյեմբերի 9-ի թուղթը չէի ստորագրի, վախենայի՝ չէի ասի էն, ինչ ասում եմ։ Ես էսօր հրապարակային ասում եմ բաներ, որ հազար տարի հայ ժողովրդի մեջ բազմաթիվներն իմացել են եւ վախեցել են ասել, բաներ, որ տաբու են եղել մեր իրականության մեջ։ Որովհետև ես միշտ էլ ասել եմ՝ վախեցել եմ սխալվելուց, էսօր էլ եմ վախենում, մենակ խելագարը կարա չվախենա էդ պատասխանատվությունն իրականացնելիս սխալվելուց։ Էդ դուք եք, որ տենց սուպերմեններ եք, տուռնիկի վրա էնքան կարաք պտտվեք՝ չվախենալով, որ էլեմենտներդ կնստի»։