ՀՀ կենտրոնական բանկի կողմից իրականացված մոնիթորինգի արդյունքում պարզվել է, որ վերջերս կատարված զեղծարարությունների սխեմաներում հաճախորդներից գումար կորզելու նպատակով զեղծարարները ներկայացել են Կենտրոնական բանկի անունից և կեղծ նամակների ու զանգերի միջոցով հորդորել իրենց ֆինանսական միջոցները փոխանցել այլ հաշիվների։
ՀՀ ԿԲ–ից իրազեկում են, որ կենտրոնական բանկը երբևէ նման հայտարարություններ և զանգեր չի իրականացնում, հաղորդագրություններ չի ուղարկում և չի իրականացնում ֆիզիկական անձանց բանկային սպասարկում:
«Եթե զանգահարում են կամ որևէ այլ եղանակով կապ են հաստատում և ներկայանում Կենտրոնական բանկի անունից և խնդրում կամ որևէ պատրվակով պարտադրում գումար փոխանցել ավելի «պաշտպանված» կամ «հատուկ» հաշիվների, զեղծարարություններից և ֆինանսական կորուստներից խուսափելու նպատակով քաղաքացիներին հորդորում ենք չկատարել որևէ գործողություն, որևէ մեկին չփոխանցել անձնական կամ բանկային տվյալներ և անմիջապես կապ հաստատել Ձեզ սպասարկող բանկի հետ»,- նշված է ԿԲ–ի տարածած հայտարարության մեջ։