Սկզբունքորեն ընդունելի է ցանկացած բարեփոխում, որը պետք է բարելավի բանակային ծառայությունը, եթե այն բխում է տվյալ երկրում ստեղծված իրավիճակից և այն խնդիրներից, որոնք կան այսօր Հայաստանի Հանրապետության առջև:
Այս մասին պարտադիր զինծառայության ժամկետի կրճատմանն ուղղված նախագծի քննարկման ընթացքում հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:
Նա հիշեցրեց, որ Հայաստանի Հանրապետության սահմանային պաշտպանությունը շուրջ 100 կմ ավելացել է. Ղարաբաղի 283 կմ–ին ավելացել է Ադրբեջանի հետ սահմանը` Սոթքից մինչև Մեղրի։
«Դրանից ելնելով՝ մենք պետք է որոշում ընդունենք, թե ինչպիսին է մեր ազգային անվտանգության ռազմավարությունը, և Պաշտպանության նախարարությունը պաշտպանական ռազմավարական վերանայում պետք է անի և դրանից բխող հարցերով պետք է ինքը իր համալրման ամբողջ գործընթացը կազմակերպի։
Այդ առումով մեզ համար բանակային կյանքից ոչ մի բան խորթ չէ՝ և՛ բարեփոխումները, և՛ զորակոչային ծառայության բարելավումը, և՛ մրցակցության կազմակերպումը, և՛ նաև աեստացիան, և՛ իհարկե, նաև դասային աստիճանների շնորհումը, բայց այս ամենը պետք է բխի մեր մարտական խնդիրներից»,- ասաց Օհանյանը։
Պատգամավորի խոսքով՝ այսօր բանակում սահմանային ծառայությունն իրականացնում են և՛ զորահավաքով եկածները, և՛ նաև երկրապահներ, իսկ դրանց ընդգրկումը զինված ուժեր, ըստ Օհանյանի, ազդում է զինված ուժերի կարգապահության վրա։
«Այստեղ խոսքը ոչ թե սահմանային պաշտպանությունն է, այլ ընդհանուր մարտական խնդրի կատարումը։ Իսկ մարտական խնդիրը մեր երկրի առջև դրված խնդիրները զինված ուժերի կիրառման պլանի համաձայն իրականացնելն է»,- ասաց Օհանյանը: