«Քարերի սիմֆոնիայի» տարածքում սեփականաշնորհված հողամասը վերադարձվում է պետությանը | civilnet.am

civilnet.am։ Կառավարությունը դեկտեմբերի 4-ի նիստում որոշեց ընդունել Կոտայքի մարզի Գառնի համայնքում գտնվող հողամասի նվիրատվությունը և այն ամրացնել Շրջակա միջավայրի նախարարությանը։ Խոսքը «Բազալտե երգեհոն» («Քարերի սիմֆոնիա») բնության հուշարձանի տարածքում գտնվող 0,1 հեկտար մակերեսով հողամասի մասին է։

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը նիստի ժամանակ մանրամասնեց, որ դատախազության ուսումնասիրությամբ պարզվել է՝ բնության հուշարձանի տարածքում գտնվող և Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում ընդգրկված հողամասը նախկինում ապօրինի օտարվել է և դարձել քաղաքացու սեփականություն։

«Մենք դա վիճարկել ենք։ Ուսումնասիրության արդյունքում պարզել ենք, որ 60-րդ հոդվածի սահմանափակման ներքո գտնվող հողն անցել է մասնավոր սեփականության։ Միջնորդագրով դիմել ենք համայնքին՝ արձանագրելով, որ դա ապօրինի է և չէր կարող սեփականաշնորհվել»,- պարզաբանեց Աննա Վարդապետյանը։

Դատախազության միջամտությունից հետո քաղաքացու սեփականության իրավունքը դադարեցվել է, և գույքը վերադարձվել է Գառնի համայնքին։ Այժմ, հաշվի առնելով տարածքի բնապահպանական նշանակությունը և հետագա ապօրինի օտարումները բացառելու նպատակը, համայնքը գույքը նվիրաբերել է պետությանը՝ Շրջակա միջավայրի նախարարության տնօրինմանը հանձնելու համար։

Նիստի ընթացքում Գլխավոր դատախազը հայտնեց «ԴՕՍԱԱՖ» համահայկական հայրենասիրական հասարակական կազմակերպության պետությանը վերադարձված մեկ այլ՝ Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղում գտնվող 92 հեկտարանոց հողամասի մասին, որն ամրացվելու է Պաշտպանության նախարարությանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն