Գորիսի պետական քոլեջի աշխատակիցները, որոնք աշխատանքի ազատման դիմում էին գրել, արձագանքելով ՊՈԱԿ-ի արդեն նախկին տնօրեն Կարեն Լազարյանի հորդորին, հետ են կանչել նախօրեին ներկայացրած դիմումները։
Երեկ հայտնել էինք, որ «Գորիսի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրենի՝ Կարեն Լազարյանի աշխատանքից ազատման հրամանը ստանալուց հետո քոլեջի 30-ից ավելի աշխատակիցներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել: Քոլեջում տնօրենի հեռացումը ապօրինի են համարում:
Երեկ երեկոյան հայտնի է դարձել, որ Ժաննա Անդրեասյանը դեկտեմբերի 4-ից քոլեջի տնօրենի պաշտոնակատար է նշանակել Արմինե Կոլյանին։
Այսօր, սակայն, քոլեջում դասապրոցեսը չի վերսկսվել։ Դասախոսներն ու ուսանողները այսօր չեն մասնակցում դասապրոցեսին և փակել են քոլեջի մուտքը: Նրանք պահանջում են, որ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը պարզաբանի հետևյալ հարցերը.
1. ՀՀ ո՞ր օրենքի և օրենքի ո՞ր հոդվածի հիման վրա է Կարեն Լազարյանի աշխտանքային պայմանագիրը վաղաժամ լուծել։
2. Գորիսում օրեր շարունակ խոսակցություններ են շրջանառվում նորանշանակ պաշտոնակատարի հավաստագրի արժանահավատության շուրջ։
Այդ հարցում պարզություն մտցնելու նպատակով, հիմք ընդունելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի կարգավորումները, երեք անգամ հարցում է ուղղվել Ժաննա Անդրեասյանին՝ տրամադրելու Արմինե Կոլյանի՝ ս․թ․ սեպտեմբերի 16-ի հավաստագրման քննության հիմքերը, մասնավորապես հարցազրույցի ձայնագրությունը, արձանագրությունը, գնահատման թերթիկները և հանձնաժողովի որոշումը տրամադրելու համար։
Սակայն նախարարը մինչև հիմա թաքցնում է նորանշանակի հավաստագրի հիմքերը՝ օրենքով սահմանված որևէ պատճառ (մերժման համար) չնշելով։
3. Դատելով նախորդ մի քանի իրադարձությունից՝ ԿԳՄՍ նախարարության ներկայիս ղեկավարները որևէ մեկին հենց այնպես հավաստագիր չեն տալիս և կրթական հաստատության տնօրեն չեն նշանակում։
Ուստի և նախարարը պետք է անկեղծանա ու պատասխանի՝ ո՞վ է միջնորդել, ո՞վ է շահագրգռել նախարարությանը, որ միջին մասնագիտական կրթության ոլորտում զրո փորձ ունեցող տիկնոջը նշանակեն Գորիսի պետական քոլեջի տնօրենի պաշտոնակատար։
4. Նախարարը պետք է բացատրություն տա նաև՝
ա) ինչո՞ւ և ի՞նչ նպատակով է ս․թ․ հոկտեմբերի 6-ին Արմինե Կոլյանը նշանակվել գոյություն չունեցող «Գորիսի պետական բազմագործառութային պետական քոլեջի» տնօրեն և ինչո՞ւ է 60 օր հետո նա ազատվել այդ պաշտոնից,
բ) 60 օր շարունակ որտե՞ղ էր Արմինե Կոլյանը և ինչո՞ւ նախարարությունը նրան պատասխանատվության չի ենթարկել՝ մեկ րոպե անգամ իր գործառույթները չկատարելու համար։
«Քանի դեռ այդ հարցերի պատասխանը չի տրվել՝ Արմինե Կոլյանը չի կարող համարվել Գորիսի պետական քոլեջի տնօրենի լեգիտիմ պաշտոնակատար»,- ասվում է հայտարարության մեջ:
Լուսանկարը՝ Գորիսի պետական քոլեջի ֆեյսբուքյան էջից / 07.10.2025