1lurer.am։ Կարծում եմ՝ մենք պետք է ելնենք մեր իրողություններից: Տարածաշրջանային երկրներում հարցին տարբեր կերպ են վերաբերվում, մասնավորապես, նրանք ավելի վաղ են շեշտադրումը կատարել պրոֆեսիոնալ բանակի վրա, եթե խոսքը Թուրքիայի, Վրաստանի մասին է: Ադրբեջանը 1,5 տարվան անցում է կատարել 2000-ականներին: Այս մասին խորհրդարանի այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին, որը հետաքրքրվում էր, թե ինչ իրավիճակ է հարևան երկրներում զինծառայության կրճատման մասով:
«Համեմատվել որևէ մեկի հետ, կարծում եմ, տեղին չէ: Մենք պիտի ավելի շատ ելնենք նրանից, թե մարդկային ինչ ռեսուրսների ու հնարավորությունների ենք տիրապետում, որպեսզի կարողանանք մեր առջև դրված խնդիրները լուծել»,- նշեց Պապիկյանը:
Նրա խոսքով՝ պրոֆեսիոնալիզմի վրա շեշտադրում կատարելը ամենակարևոր գործոնն է, որն ընկած է այս նախագծի հիմքում:
«Ժամկետային զինծառայությունը, կարծում եմ, մեզ մոտ մշտապես պետք է պահպանվի, բայց պիտի հանդիսանա աղբյուր պրոֆեսիոնալ բանակի սնուցման համար: Դրա վառ օրինակը «Պաշտպան հայրենյաց» ծրագիրն է»,- ընդգծեց պաշտպանության նախարարը:
Նրա խոսքով՝ մենք պետք է ամեն ինչ անենք, որ պայմանագրային ծառայությունը դառնա առավել գրավիչ, և ժամկետային զինծառայողների զգալի հատվածը ինչ-որ փուլում որոշում կկայացնի դառնալ զինվորական:
Ինչ վերաբերում է մտահոգություններին, թե զինծառայության կրճատման հետևանքով պատրաստությունը կտուժի, ասաց՝ այն ոչ մի կերպ չի տուժում:
«Ոչ մի կերպ չի տուժում պատրաստությունը: Ամեն ինչ իր բնականոն հունով կշարունակվի»,- խոսքը եզրափակեց Սուրեն Պապիկյանը: