civilnet.am։ Արժույթի միջազգային հիմնադրամը հաստատել է 128,8 մլն ՀՓԻ (մոտավորապես 175 մլն դոլար) արժողությամբ նոր 36-ամսյա Պահուստային ծրագիրը (SBA) Հայաստանի համար: Այս մասին հայտնում են ֆինանսների նախարարությունից։
ԱՄՀ-ի հրապարակված հաղորդագրության մեջ նշվում է, որ վերջին տարիներին Հայաստանը հաջողությամբ հաղթահարել է բազմաթիվ մարտահրավերներ՝ միաժամանակ պահպանելով մակրոտնտեսական և ֆինանսական կայունությունը։ Նոր Պահուստային ծրագիրը նպատակաուղղված է Կառավարության բարեփոխումների օրակարգի շարունակականության օժանդակմանը՝ կայուն ու ներառական աճի խթանման համար։
Հաղորդագրության մեջ անդրադարձ է կատարվել նաև 2026 թվականի պետական բյուջեին, որը հստակ սահմանում է Հայաստանի առաջնահերթ ծախսային կարիքները, այդ թվում՝ սոցիալական պաշտպանության, առողջապահության և կրթության ոլորտներում։ Միջնաժամկետ հեռանկարում ծախսերի առաջնահերթության զգուշավոր սահմանումը և հարկային արդյունավետ քաղաքականությունը կշարունակեն օժանդակել հարկաբյուջետային աստիճանական կոնսոլիդացմանը՝ պարտքը կառավարելի և կայուն մակարդակում պահելու նպատակով։