Ես գնում եմ այն պատարագներին, որտեղ Կտրիճ Ներսիսյանի (Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ՝ խմբ.) անունը չի հնչում: Այա մասին ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա այդպիսով անդրադարձել է այն տեղեկությանը, որ հայտնել էր Սուրբ Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ռուբեն քահանա Գասպարյանը: Վերջինս նշել էր, որ ԱԱԾ աշխատակիցներն իր հետ զրուցել են Փաշինյանի մասնակցությամբ առաջիկա պատարագի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունը չհնչեցնելու մասին, իսկ ինքը բացառել է դա՝ նշելով. «Ես 25 տարի տվել եմ Վեհափառի անունը և պիտի տամ, քանի գործող Հայրապետ է, ինչպես նաև Սրբազանի անունը (խմբ՝ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի)»:
Հարցին, թե ինչու են ԱԱԾ աշխատակիցները զբաղվում այս հարցով, Փաշինյանը պատասխանել է. «Մենք խնդրում ենք, որ փաստը հաշվի առնվի, որ մենք համարում ենք, որ Ներսիսյանը կաթողիկոս չէ: Մի դեպքում կարող է ծանոթ լինել, դա կարող է ԱԱԾ աշխատող լինել, մյուս դեպքում՝ կարող է աշխատող չլինել, կարող է բարեկամ լինել, կարող է իմ օգնականը լինել… Կախված է նրանից՝ ով ում ճանաչում է, և ով ինչ անձնական կապեր ունի: ԱԱԾ-ն և մյուս ինստիտուտները կապ ունեն էնքանով, որքանով որևէ մեկը որևէ մեկին ճանաչում է»:
Նա նաև հիշեցրեց, որ ցանկացած տեղ, ուր ՀՀ վարչապետը գնում է կամ մտադրություն ունի գնալու, այդ պահից սկսած՝ այդ տեղը համարվում է պետական պահպանության ենթակա օբյեկտ. «Եվ այնտեղ իրականացվում են գործողություններ, արվում են վերլուծություններ՝ մարդկանց մոտեցումների, հայացքների, ծայրահեղ և ոչ ծայրահեղ մոտեցումների՝ անվտանգությունն ապահովելու համար»:
Հարցին, թե Կաթողիկոսի անունը պատարագի ընթացքում հնչեցնելը ինչով է վտանգում Նիկոլ Փաշինյանին և մյուսներին, որ ԱԱԾ-ն է զբաղվում այդ հարցով, Փաշինյանը պատասխանել է. «Որովհետև Կտրիճ Ներսիսյանը (Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ՝ խմբ.) սպառնալիք է Հայաստանի պետական սնվտանգությանը»: