ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է Քի Վեսթի բանակցային փաստաթղթի հրապարակմանը՝ պարզաբանելով, թե ինչու Նիկոլ Փաշինյանը չի կարողանում գտնել Քի Վեսթի վերաբերյալ փաստաթուղթը։
«Ինչո՞ւ չեն կարողանում գտնել Քի Վեսթի փաստաթղթերը։ Դա այն էր, ինչը դիվանագիտական լեզվով կոչվում է «Non-paper»։ Փաստաթուղթ, որը պաշտոնական կարգավիճակ չունի։ Այսինքն դրա տակ չկա Մինսկ Խմբի համանախագահների ստորագրությունը», – բացատրել է Լևոն Զուրաբյանը։
Ըստ Զուրաբյանի՝ ամերիկացիները կազմել են այդ աշխատանքային փաստաթուղթը՝ հիմնվելով Հեյդար Ալիևի և Ռոբերտ Քոչարյանի հետ ունեցած իրենց զրույցների վրա, քանի որ դրա իմաստն այն է, որ այն պաշտոնական դիրքորոշում չի։
«Այն չունի ԵԱՀԿ Մինսկի խմբի պաշտոնական առաջարկի բնույթ։ Բայց նրանք (նկատի ունի՝ ՀՀ ներկայիս ղեկավարությունը) նույնիսկ դա չգիտեն. վստահ եմ՝ չգիտեն։ Նրանք դիվանագիտությունից ոչինչ չեն հասկանում, դրա համար էլ հեշտությամբ ենթարկվում են մանիպուլյացիայի, օտարածին օրակարգերի թելադրանքի», – նշել է Զուրաբյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 2-ին հրապարակել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին առնչվող փաստաթղթեր, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի 2019թ. առաջարկները ներառող փաստաթուղթը: Սակայն ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը նշում է, որ փաստաթղթերը թերի են հրապարակվել, քանի որ Մինսկի խմբի առաջարկների վերաբերյալ Հայաստանի դիվանագիտության պաշտոնական պատասխանները չեն հրապարակվել։
Բացի այդ, հրապարակված փաստաթղթերում ներառված չի Քի Վեսթի փաթեթը։ Ըստ Փաշինյանի՝ այն չի հրապարակվել, քանի որ ՀՀ կառավարության տիրապետության ներքո չկա այդ փաթեթը:
«Քի Վեսթից դուք ինքներդ եք հրաժարվել, Քի Վեսթը պաշտոնական թղթերի մեջ չկա, որովհետև դա ոչ թե բանակցային բովանդակություն ա, դա դավադրություն ա, որի համատեքստում տեղի ա ունեցել 1999-ի հոկտեմբերի 27-ը։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ դիմելով ընդդիմադիր պատգամավորներին։