civilnet.am Ադրբեջանն ու Հայաստանը ներկայումս ապրում են երկկողմ հարաբերությունների ամենախաղաղ և կայուն շրջանը: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 4-ին Վիեննայում՝ ԵԱՀԿ Արտաքին գործերի նախարարների խորհրդի 32-րդ նիստին ելույթի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։
Ադրբեջանի ԱԳ նախարարը նշել է, որ երկու կողմերն էլ անհրաժեշտ քայլեր են ձեռնարկում տարբեր ուղղություններով՝ կառավարական, խորհրդարանական և քաղաքացիական հասարակության մակարդակներում, որպեսզի լրացուցիչ թափ հաղորդեն խաղաղ գործընթացին։
«Ադրբեջանը, որպես բարի կամքի դրսևորում, միակողմանիորեն վերացրել է Հայաստան ապրանքների տարանցման սահմանափակումները։ Այս ձեռքբերումներն ակնհայտորեն ցույց են տալիս, որ ուղիղ երկկողմ բանակցություններն առաջ շարժվելու լավագույն ճանապարհն են։ Ադրբեջանը մշտապես հանդես է եկել դրա օգտին երկար տարիների ընթացքում։ Մեր երկիրը, որպես խաղաղության օրակարգի նախաձեռնող, հավատարիմ է մնում այդ ճանապարհին և փոխադարձ քաղաքական կամք ու պատասխանատվություն է ակնկալում Հայաստանի կողմից»,- ասել է Բայրամովը։
Նրա խոսքով, անցյալ տարվա դեկտեմբերից Բաքվի և Երևանի միջև զգալի առաջընթաց է գրանցվել հետկոնֆլիկտային կարգավորման գործում, որն ավարտվել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած պատմական խաղաղության գագաթնաժողովով։
«Վաշինգտոնի գագաթնաժողովը հանգեցրեց Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների համատեղ հռչակագրի ընդունմանը, որը ստորագրվեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ։ Կողմերը պարտավորվել են, որ հակամարտությունը մնացել է անցյալում, չի հանդիսանում և չի հանդիսանա վերանայման որևէ փորձի առարկա, և այժմ նրանք ձեռնամուխ են լինում բարիդրացիական հարաբերությունների կառուցմանը՝ հիմնվելով այս իրողության վրա»,- նշել է նա։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ «դե ֆակտո խաղաղություն է հաստատվել նախկինում անկայուն ԵԱՀԿ տարածաշրջանում»։