Արշակ սրբազանը կալանավորվեց 2 ամսով: Դատարանը՝ դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ, բավարարեց միջնորդությունը:
Պաշտպանները ասացին, որ բողոքարկելու են որոշումը:
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը ձերբակալվել է երեկ Քննչական կոմիտեի շենքում։ Կոմիտեից «Ինֆոքոմ»-ին հայտնել էին, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով, այն է՝ մի խումբ անձանց կողմից նախնական հանաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելը՝ հանդիսադիր վայրում:
Ըստ պաշտպան Արսեն Բաբայանի՝ Արշակ սրբազանին մեղադրում են, թե իբր վերջինս 2018թ. «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման ժամանակ ակցիա իրականացնողներից մեկին վարկաբեկելու նպատակով նրա պայուսակում թմրամիջոց է դրել:
Բաբայանը մինչև նիստը դատարանի բակում հայտնեց, որ Արշակ արքեպիսկսպոսի դեմ ցուցմունք չկա: Ըստ նրա՝ ենթադրության հիման վրա են գործ հարուցել:
«Տարբեր անձինք ուղղակի կասկած են հայտնել, որ ուսապարկի մեջ հայտնված թմրանյութը Արշակ սրբազանն է դրել։ Ենթադրել են։ 2018-ից քննվող գործի վերջին նիստը 2025-ի հուլիսին է եղել, և երեկ ստեղծվել է քննչական խումբ։ 7 տարի է քննում են, թե թմրանյութն ինչպես է հայտնվել ուսապարկում, քննել–քննել են, էդպես էլ չեն հասկացել»,- ասաց Բաբայանը: