«Հայաքվեն» ստորագրահավաք է սկսել ՀՀ-ում թոշակների բարձրացման համար | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru  «Հայաքվե» նախաձեռնությունը ստորագրահավաք է անցկացնում՝ երկու տարվա ընթացքում ծերության և հաշմանդամության թոշակները 50 տոկոսով բարձրացնելու մասին ՀՀ կառավարությանը ուղղված հանրագրի ներքո: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց հասարակական գործիչ, «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։

Ստորագրահավաքը սկսվել է դեկտեմբերի 1–ից, հանրագիրն արդեն ստորագրել է մոտ 5 հազար մարդ։ Նա տեղեկացրեց, որ հանրագրին կարելի է միանալ Երևանի «Հայաքվեի» մի քանի գրասենյակներում, ինչպես նաև Էջմիածնում, Արմավիրում, Գորիսում, Կապանում, Գյումրիում և այլ քաղաքներում:

Նրա խոսքով՝ 2018 թվականից սկսած ՀՀ իշխանությունները եռապատկել են իրավապահների աշխատավարձը, ընդհանուր առմամբ բյուջեի ծախսերն աճել են ավելի քան կրկնակի (125 %-ով), իսկ կենսաթոշակները բարձրացել են ընդամենը 22 %–ով:

Չալաբյանը նաև նշեց, որ այժմ միջին աշխատավարձը մի քանի անգամ գերազանցում է և նվազագույն, և միջին կենսաթոշակը (նվազագույն կենսաթոշակը միջին աշխատավարձից ցածր է գրեթե 6 անգամ, միջին կենսաթոշակը՝ գրեթե 4,5 անգամ):

Նա տեղեկացրեց, որ 2026 թ. ՀՀ պետական բյուջեի ծախսային մասն աճել է 187 մլրդ դրամով, ընդ որում 111 մլրդ դրամ հատկացվում է համընդհանուր բժշկական առողջապահությանը։ Այն ինչ, ըստ «Հայաքվե» նախաձեռնության համակարգողի, եկող տարվա բյուջեով կենսաթոշակների բարձրացում չի նախատեսվում. ընդամենը կշարունակվի թոշակառուների համար անկանխիկ վճարումների հետվերադարձի ծրագիրը, որի համար նախատեսված է ավելի քան 20 մլրդ դրամ։ Ի դեպ, հետվերադարձի ծրագիրը չի գործում կոմունալ վճարումների դեպքում։

Չալաբյանի խոսքով` ընդհանուր առմամբ, ծերության կենսաթոշակների համար ՀՀ պետական բյուջեից ծախսվում է մոտ 350 մլրդ դրամ։ Հետևաբար, ըստ նրա, կենսաթոշակները 50 տոկոսով բարձրացնելու համար անհրաժեշտ է 175 մլրդ դրամ:

«Եթե առաջին տարում թոշակները բարձրացնենք 25 տոկոսով, ապա դրա համար անհրաժեշտ է ընդամենը 87 մլրդ դրամ կամ ՀՆԱ–ի 0,8 տոկոսը։ Դա այնքան քիչ է, որ չի կարող մեծ ազդեցություն ունենալ երկրում գնաճի վրա»,– վստահեցրեց Չալաբյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն