armenpress.am Գերմանիայի խորհրդարանը՝ Բունդեսթագը, քվեարկել է կամավոր զինվորական ծառայության ներդրման օգտին՝ ամրապնդելու երկրի պաշտպանությունը Ռուսաստանի կողմից Ուկրաինայում ռազմական գործողությունների ծավալման ֆոնին։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Լրատվամիջոցը նշում է, որ սա նշանակալի փոփոխություն է Գերմանիայի ռազմական մոտեցման մեջ և հետևում է կանցլեր Ֆրիդրիխ Մերցի նպատակին՝ ստեղծել Եվրոպայի ամենաուժեղ բանակը։
2026 թվականից սկսած՝ բոլոր 18 տարեկան տղամարդկանց և կանանց կուղարկվի հարցաթերթիկ՝ գնահատելու նրանց հետաքրքրությունը և պատրաստակամությունը զինված ուժերին միանալու հարցում։ Այն պարտադիր կլինի տղամարդկանց և կամավոր՝ կանանց համար։ 2027 թվականի հուլիսից սկսած՝ բոլոր 18 տարեկան տղամարդիկ նաև պետք է բժշկական զննում անցնեն՝ ծառայության համար իրենց պիտանիությունը գնահատելու համար։
Բունդեսվերը (Գերմանիայի զինված ուժեր) այժմ ունի մոտ 182 000 զինվոր։ Զինվորական ծառայության նոր մոդելը նպատակ ունի այդ թիվը հաջորդ տարվա ընթացքում ավելացնել 20 000-ով՝ հետագա 10 տարիների ընթացքում հասցնելով 255 000-ից 260 000-ի, որին կավելանա մոտ 200 000 պահեստազորային։
Գերմանիայի դպրոցների աշակերտները հայտարարել են, որ ուրբաթ օրը կմիանան մինչև 90 քաղաքներում կազմակերպվող ակցիաներին՝ այդ քայլի դեմ բողոքելու համար։ Բազմաթիվ երիտասարդ գերմանացիներ, ըստ BBC-ի, կա՛մ դեմ են նոր օրենքին, կա՛մ թերահավատորեն են տրամադրված դրա նկատմամբ։