ՀՀ քննչական կոմիտեի նախագահի կողմից հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների արդյունքներն ամփոփելու ժամանակ, ի թիվս այլնի, հանձնարարվել է նաև վեր հանել, ուսումնասիրել և ակտիվ քննություն իրականացնել նախկին տարիներին կատարված և չբացահայտված քրեական վարույթներով:
Այս մասին հաղորդում են ՀՀ քննչական կոմիտեից։
«Արդյունքում, բացահայտվել կամ դատավարական ավարտի տեսքով ընթացք են ստացել նախորդ տարիների մի շարք քրեական վարույթներ (Վահրամ Խորխոռունու սպանության, Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող՝ ՊՆ գույքի և Երևան քաղաքի Իսակովի պողոտային ու «Եռաբլուր պանթեոն»-ին կից հողատարածքների ապօրինի օտարման, Գյումրի համայնքի նախկին ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, նրա տեղակալների, որդու և վերջինիս ընկերոջ օժանդակությամբ փողերի լվացում կատարելու դեպքերը և այլն):
Այդ համատեքստում ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում վեր է հանվել և ուսումնասիրվել նաև 2018 թվականի հուլիսի 20-ին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթը` անհայտ անձի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանատան ընդունարանում Հ.Ա.-ին ապօրինի «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց իրացնելու դեպքի առթիվ:
Ձեռնարկված վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում բացահայտվել է առերևույթ կատարված հանցագործությունը և պարզվել է, որ Ս.Խ.-ն նախնական համաձայնության է եկել իր անմիջական ենթակայությամբ ծառայող սարկավագ Ս.Տ.-ի և դեռևս չպարզված անձի հետ, ովքեր 2018 թվականի հուլիսի 7-ին, միմյանց փոխլրացնելով, ակցիայի մասնակից Հ.Ա.-ին ապօրինի իրացրել են «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց՝ հետևյալ եղանակով. Ս.Խ.-ի ցուցումով դիվանատան քարտուղար Ս.Տ.-ն բջջային հեռախոսով լուսանկարել է դիվանատան ընդունարանում կախված՝ Հ.Ա.-ին պատկանող ուսապայուսակը, ապա ստացված լուսանկարը «Վայբեր» հավելվածի միջոցով ուղարկել է Ս.Խ.-ին, ինչից հետո հանցավոր խմբի անդամները նշված ուսապայուսակի մեջ տեղադրել են «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցը՝ այդ կերպ հանդիսադիր վայրում՝ Հայ Առաքելական Եկեղեցու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանատան ընդունարանում Հ.Ա.-ին ապօրինի իրացնելով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց։
Հանցավոր գործողությունները կատարելուց հետո, Ս.Խ.-ի հրահանգով, Ս.Տ.-ն իր հեռախոսահամարից զանգահարել է ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Վաղարշապատի բաժին և հայտնել ակցիայի մասնակիցների մոտ կասկածելի իրերի հնարավոր առկայության մասին՝ միաժամանակ ոստիկանության աշխատակցին ուղարկելով իր կողմից արված լուսանկարը, որից հետո ոստիկանության ծառայողների կողմից կատարված զննությամբ Հ.Ա.-ի ուսապայուսակից հայտնաբերվել է վերջինիս ապօրինի իրացված՝ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցը։
2025 թվականի դեկտեմբերի 4-ին վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել մինչդատական վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերին) Ս.Խ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին:
Նույն օրը հսկող դատախազի կողմից բավարարվել է ներկայացված միջնորդությունը և որոշում է կայացվել Ս.Խ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին։
Դեկտեմբերի 4-ին վերջինս դատարան ներկայացվելու նպատակով ձերբակալվել է: Նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան, որը բավարարվել է:
Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:
Ձեռնարկվում են անհրաժեշտ վարութային և ապացուցողական գործողություններ՝ դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու, ինչպես նաև մյուս մասնակիցների արարքներին քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ: