«Քի Վեսթում քննարկվում էր Արցախը Հայաստանին միացնելու տարբերակը, դա էր սեղանի վրա և շատ մոտ էինք այդ տարբերակին», – անդրադառնալով Արցախը Հայաստանին միացնելու հարցին հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Բայց մենք միակողմանի չէինք հռչակում, որովհետև այդ հռչակելը կնշանակեր մի բան․ բանակցային գործընթացի ձախողում և պատերազմ հրահրելու առիթ։ […․] Ավելի պարզ ասեմ` կոնցեպտը հետևյալն էր. երկու պետություն, մեկ բանակ: Երկու պետություն, մեկ անվտանգային համակարգ։ Եվ բանակցել ու ժամանակի մեջ արդեն էդ խնդրի լուծումը տալ», – հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը մեղադրելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին «բանակցային գործընթացը 2018 թ․-ին խաթարելու մեջ»։
Անդրադառնալով նաև 2026 թվականի ԱԺ ընտրություններին, երկրորդ նախագահը հայտարարել է, որ «մեծ հավանականությամբ» կմասնակցի ԱԺ ընտրություններին:
«Վերջնական որոշումը չունենք ֆորմատների, բայց մեծ հավանականությամբ կմասնակցեմ», – հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը անդրադառնալով «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության առաջնորդ Արման Թաթոյանի այն կոչին, ըստ որի «եթե պաշտոնաթող նախագահները ուզում են Նիկոլ Փաշինյանը պարտվի, ապա չպետք է մասնակցեն 2026 թ․-ի ԱԺ ընտրություններին»։
Աջակիցների հետ հանդիպման ժամանակ Ռոբերտ Քոչարյանը պատասխանել է նաև Նիկոլ Փաշինյանի և եկեղեցու հետ հարաբերությունների լարման մասին հարցին, նշելով՝ «Նիկոլ Փաշինյանը փողոց կամ ժողովուրդ մոբիլիզացնելու ռեսուրս չունի, դա չի նշանակում, որ ձայն չունի, լատենտային ձայներ ունի, ինչ–որ մի տոկոս մարդիկ կգնան, կքվեարկեն իր օգտին, բայց իր կոչով դուրս գալ փողոց, գնալ Վեհարան գրոհել, չունի այդ հնարավորությունը։ [….] փորձեց աշխատել ճիշտ այնպես, ինչպես աշխատում էր ժամանակին հենց ԿԳԲ-ն՝ կոմպրոմատներով, մարդկանց գտնելով, որոնց կարելի է այսպես պատին դեմ տալ և ասել՝ սա դու պիտի անես»: