Նիկոլ Փաշինյանն այսօր պատրաստվում է պատարագի մասնակցել Գյումրու Սուրբ Յոթ Վերք եկեղեցում, որի դռները երեկ ուժայինները կնքել էին, որ այսօր այն հանձնվի արտագնա պատարագ անողներին։
Հիշեցնենք, ավելի վաղ Շիրակի թեմի հոգեւորականները հայտարարություններ էին տարածել՝ նշելով, որ որեւէ այլ անձ, բացի թեմի հոգեւորականներից, իրավունք չունի պատարագ մատուցել Սբ. Յոթ Վերք եկեղեցում։ Նրանք հրաժարվել պատարագ մատուցել, քանի որ պահանջ է եղել զեղչել թեմական առաջնորդի ու Հայրապետի անունները։
Իսկ կալանքի տակ գտնվող հոգևորականները նախօրեին քահանայից դասին ու ժողովրդին կոչ էին արել «անտեղի հակառակության ու վեճի մեջ չմտնել ազգադավների ու տիրադավների հետ, այլ իրադարձությունների նման զարգացման դեպքում իրենց մաքրամաքուր աղոթքներն առ Աստված բարձրացնել թեմի մյուս եկեղեցիներում»։
Այս պահին, թեեւ անձրեւում է, բազմաթիվ քաղաքացիներ կան եկեղեցու հարակից տարածքում։ Տեղում ծառայություն են իրականացնում ոստիկանական ուժեր։
«Փաստինֆոյի» փոխանցմամբ իրավապահները թույլ չեն տվել քաղաքացիներին եկեղեցի մտնել մինչև Նիկոլ Փաշինյանը կժամանի։