Երբ Հայաստանում  եկեղեցին ու եկեղեցականները հալածանքների և ձերբակալությունների են ենթարկվում, Անթիլիասը քաջություն ունի ոչ ասելու. Արամ Ա

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայի Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցած պատարագից հետո անդրադարձել է Հայ առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակին։ Այս մասին տեղեկանում ենք «Կիպրահայեր» ֆեյսբուքյան էջում տարածված տեսանյութից։

«Երբ Հայաստանում անարդարություն է կատարվում, Անթիլիասը ոչ է ասում։ Երբ Հայաստանում արժեքներն են արհամարհվում և խորհրդանիշներն են անտեսվում, Անթիլիասը ոչ է ասում և ոչ է ասել միշտ: Երբ Հայաստանում  եկեղեցին ու եկեղեցականները տեսակ-տեսակ հալածանքների և ձերբակալությունների են ենթարկվում, Անթիլիասը այդ քաջությունն ունի ոչ ասելու: Երբ Հայաստանում, ի վնաս մեր ժողովուրդի շահերի, համազգային մեր գերագույն իդեալները անտեսվում են, Անթիլիասը ոչ է ասել և ոչ պիտի ասի»,- իր խոսքում ասել է Արամ Ա-ն։

Հիշեցնենք, որ 2025թ. մայիսից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում տարբեր գրառումներ է կատարել Հայ առաքելական եկեղեցու սպասավորների վերաբերյալ, այնուհետև սկսել պահանջել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականը՝ նշելով, թե վերջինս խախտել է կուսակրոնության ուխտը, ուստի՝ իրենք նրան չեն համարում Ամենայն Հայոց Կաթողիկոս: 2025թ. հունիսի 10-ին Փաշինյանը հայտարարեց, որ սկսում են «վեհարանը ազատելու գործընթաց»: Ապա Փաշինյանը, ինչպես նաև նրա կողմնակիցները տարբեր եկեղեցիներում սկսեցին մասնակցել կիրակնօրյա պատարագներին՝ մեկնարկելով Հովհաննավանքից, որի քահանան՝  Տեր Արամը (ավազանի անունը՝ Ստեփան Ասատրյան), կարգալույծ էր արվել: Մինչ օրս ամեն կիրակի Փաշինյանը և նրա կողմնակիցները մասնակցում են կիրակնօրյա պատարագների, որոնք անցկացնում են քահանաներ, որոնք կա՛մ կարգալույծ են արվել Հայ առաքելական եկեղեցու կողմից, կա՛մ պատարագի ընթացքում չեն հնչեցնում Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունը: Նիկոլ Փաշինյանը 2025թ. դեկտեմբերի 4-ի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ իրենք մասնակցում են միայն այն պատարագներին, որոնց ընթացքում չի հնչում Գարեգին Բ-ի անունը՝ չհերքելով տեղեկությունը, որ ԱԱԾ աշխատակիցները (և ոչ միայն) մինչ իրենց՝ պատարագի գնալը խոսում են քահանայի հետ և տեղեկացնում իրենց վերաբերմունքի մասին:

2025թ. դեկտեմբերի 8-ին Նիկոլ Փաշինյանն առաջարկել է քննարկել Հայաստանի եկեղեցիների մոտ կամ ներսում ՀՀ պետական դրոշ տեղադրելու, ինչպես նաև պատարագներից առաջ բոլոր եկեղեցիներում ՀՀ օրհներգը հնչեցնելու հարցը:

Իշխանական լրատվամիջոցներում հրապարակված նամակի համաձայն՝ Հայ առաքելական եկեղեցու մի խումբ եպիսկոպոսներ, որոնք ավելի վաղ հանդիպում են ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ, պահանջել են Գարեգին Բ-ի հրաժարականը՝ որպես պատճառ նշելով այն հանգամանքը, որ վերջինս չի կասեցրել Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի ծառայությունը, երբ Քննչական կոմիտեն հաստատել է, թե Սրբազանին վերագրվող անպատշաճ տեսանյութերում վերջինս է: Մայր Աթոռը ավելի ուշ հայտարարել է, որ եպիսկոպոսների նամակում տեղեկությունները խեղաթյուրված են ներկայացված, և որ հրավիրվելու է եպիսկոպոսների ժողով, որի ընթացքում քննարկվելու է Արշակ սրբազանի ծառայությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը: Եպիսկոպոսների ժողովը, սակայն, հետաձգվել է՝ «նկատի ունենալով Հայաստանում տիրող ներկա իրավիճակը, մասնավորապես՝ եկեղեցականների նկատմամբ իրականացվող բռնաճնշումները, այդ թվում՝ կալանավորումները»:

Այս պահին տարբեր քրեական գործերով անցնում են և կալանքի տակ են Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը (մեղադրվում է ահաբեկչության, զանգվածային անկարգությունների և իշխանության բռնազավթման մեջ), Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը (կալանավորված է մի խումբ անձանց կողմից թմրամիջոց իրացնելու առնչությամբ հարուցված քրեական վարույթի շրջանակում), իսկ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը դատապարտվել է երկու տարվա ազատազրկման (իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր անելու հոդվածով): Հայ առաքելական եկեղեցին դատապարտել է այս գործողությունները:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն