Այսօր կացությունը ավելի վտանգալից է դարձել. Արամ Ա-ի կոչը ՀՀ իշխանությանը և եկեղեցուն

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Հայ առաքելական եկեղեու շուրջ ստեղծված իրավիճակին; Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Անցնող ամիսներին խոր մտահոգությամբ հետևեցինք Սուրբ Էջմիածնի շուրջ տեղի ունեցող մտահոգիչ զարգացումներին: Զանազան առիթներով ու միջոցներով փորձեցինք հանդարտեցնել փոթորկալից կացությունը և փոխադարձ հասկացողության մղել՝ հատկապես զգուշացնելով եկեղեցին պառակտելուն առաջնորդող քայլերից:

Այսօր փաստորեն կացությունը ավելի վտանգալից է դարձել՝ աննախատեսելի հետևանքներով հղի: Սուրբ Էջմիածնի և ընդհանրապես մեր եկեղեցու ամբողջականության և ներքին միության ամուր պահպանումը և այն ներքին ու արտաքին վտանգներից հետու պահելը համազգային առաջնահերթություն են: Այս խոր գիտակցությունից և հանձնառությունից առաջնորդված՝ կոչ ենք ուղղում՝

  • Հայաստանի իշխանությանը՝ հեռու մնալու Սուրբ Էջմիածնի ներքին կյանքին ու խնդիրներին միջամուխ դառնալու ու եկեղեցու ներս զանազան միջոցներով պառակտումի սերմեր ցանելու հակասահմանադրական և հետևաբար, անընդունելի ու դատապարտելի քայլերից, որոնք կարող են մեր եկեղեցին, ազգն ու հայրենիքը առաջնորդել ինքնակործանումի:
  • Սուրբ Էջմիածնին՝ միաբանական կյանքից ներս ճեղքեր առաջանալու ու առաջացնելու վտանգավոր կացությունների առաջն առնել և համախմբվել Վեհափառ Հայրապետի, ինչպես նաև միաբանական ուխտի ու սկզբունքների շուրջ՝ քննելու առկա խնդիրները համապատասխան որոշումներ կայացնելու վճռակամությամբ:

Եկեղեցին Աստծո տունն է ու միաժամանակ, ազգի սրբազան տունը: Յուրաքանչյուր հայ պարտավորություն ու իրավունք ունի մտահոգվելու և տեսակետ հայտնելու եկեղեցին հուզող խնդիրների վերաբերյալ, սակայն կառուցողական ու շինիչ մոտեցումով և եկեղեցին վերանորոգելու և նրա ծառայական առաքելությունը ավելի կենսագործելու նախանձախնդրությունից առաջնորդված»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն